Հայաստանի պատվիրակությունն առաջին անգամ մասնակցել է օրերս Լոնդոնում տեղի ունեցած «Օտարերկրյա ուղղակի ներդրումներ» ցուցահանդեսին:
Միջոցառումը մեկ հարկի տակ էր համախմբել բիզնեսի ընդլայնման համար նոր հնարավորություններ փնտրող ընկերություններին, մատակարարներին, փորձագետներին, խորհրդատուներին, ներդրումային քաղաքականության ոլորտի մասնագետներին, ազատ տնտեսական գոտիների կազմակերպիչներին, ներդրողներին աջակցող կառույցների ներկայացուցիչներին:
Երկօրյա միջոցառման ընթացքում էքսպոյի այցելուներին են ներկայացվել Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու գործարար միջավայրի առավելությունները, մասնավորապես՝ eRegulations Armenia նոր հարթակը, որում քայլ առ քայլ նկարագրված են ներդրողների համար առավել կարևոր 18 ընթացակարգերը։
eRegulations Armenia-ն որպես ուղեցույց կծառայի Հայաստանում բիզնես սկսելու և ընդլայնելու մտադրություն ունեցող գործարարների համար:
Կարևորելով գործարար և ներդրումային միջավայրի շարունակական կատարելագործումը՝ Հայաստանի կառավարությունը նախատեսում է աստիճանաբար ընդլայնել eRegulations Armenia հարթակում զետեղված ընթացակարգերի թիվը՝ միաժամանակ պարզեցնելով դրանք, ինչը կնպաստի կարգավորումների թափանցիկության մեծացմանը և բիզնեսի ծախսատարության նվազեցմանը: