ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյին և «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» (TPQI) ծրագրի աշխատանքային խմբի ներկայացուցիչներին։
Նախարարը, ողջունելով ՀԲ ներկայացուցիչներին, բարձր է գնահատել արդյունավետ համատեղ համագործակցությունը, նշել, որ համապատասխան քայլեր են արվում «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագիրն առաջ մղելու ուղղությամբ։
Հակոբ Արշակյանը ՀԲ ներկայացուցիչներին մանրամասներ է ներկայացրել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունից։ Նա խոսել է էկոհամակարգի զարգացմանն ուղղված ծրագրերի, ստարտափներին հարկային արտոնություն տրամադրելու գործընթացի, ոլորտի զարգացմանն ուղղված դրամաշնորհների, տեխնոլոգիական կրթության որակի բարձրացման ուղղված մոտեցումների, ինչպես նաև «Հայկական վիրտուալ կամուրջ», «ՆերՈւժ» ծրագրերի ընձեռած հնարավորությունների մասին։
Անդրադարձ է եղել նաև պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափով TPQI-ի շրջանակներում տեխնոլոգիական ոլորտի 5 ծրագրերում բանկի հետ պետություն-մասնավոր գործակցությանը։
Ծրագրերից առաջինը «Ինժեներական քաղաքի» կառուցումն է՝ շուրջ 10 մլրդ դրամ ֆինանսավորմամբ, երկրորդը Ազգային վենչուրային ֆոնդի ստեղծումն է՝ շուրջ 5 մլրդ դրամ։ Հաջորդը Սուպերհամակարգչային կենտրոնի ներդրման ծրագիրն է՝ շուրջ 4 մլրդ ֆինանսավորմամբ, չորրորդը՝ Կիբեռանվտանգության կենտրոնի ստեղծումն է՝ 2,5 մլրդ դրամ ներդրումով, և Գյումրու Պոլիտեխնիկի վերազինման ծրագիրն է՝ 2,5 մլրդ դրամ արժողությամբ:
Հանդիպման ընթացքում մեկ անգամ ևս կարևորվել է «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագրի իրականացումը, նշվել է դրա վերակազմավորման ընթացքում ռիսկերի ճիշտ գնահատումը, այդ գործընթացում լավագույն մասնագետներին ներգրավելու կարևորությունը։