«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն այսօր խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ վարչապետին հարց ուղղեց, թե ինչպե՞ս է վերաբերվում ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի խնդրին, ի՞նչ հույսեր կան, որ փոփոխություններ կլինեն այդ հարցում:
Վարչապետը պատասխանել է, որ մեր ասելիքն ավելի ըմբռնելի է դառնում գործընկերների համար, և վերջին շրջանում հնչած հրապարակային հայտարարությունները դրանք հիմնավորում են: Նա ընդգծել է, որ բոլոր հարթակներում պետք է հետևողականորեն պաշտպանենք մեր ազգային շահերը՝ ազգային անվտանգությանը վերաբերող համատեքստում:
Փաշինյանն ընդգծել է, որ Բիշքեկում նա հարցն առաջադրել է բոլորովին այլ կոնտեքստով՝ ասելով, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ունի բոլոր լծակները՝ մեր տարածաշրջանում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում նոր էսկալացիա թույլ չտալու համար: «Բայց ես ցույց տվեցի, որ խոսքը տվյալ դեպքում ոչ միայն Հայաստանի անվտանգության մասին է, այլև, մեծ հաշվով, տարածաշրջանի»,- ասել է նա: