Կոմիտասյան մեղեդիների հիմքով «Անուշ» ներկայացումն արդեն հասանելի է երաժշտասեր հասարակությանը։ Դեկտեմբերի 2-ին Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ներկայացրեց թումանյանական խոսքի և կոմիտասյան մեղեդիների հիման վրա ստեղծված «Անուշ» երաժշտական ներկայացման առաջնախաղը։ Նորակերտումն ու ամբողջացումը կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանինն է։
Դեռևս կես դար առաջ «Անուշի» կոմիտասյան մասունքները հայտնաբերել և հրապարակել է մեծագույն երաժշտագետ, կոմիտասագետ Ռոբերտ Աթայանը։ Նրա հայտնաբերած կոմիտասյան «Անուշի» մասունքները 1970-ական թվականներին հնչել են Հայաստանի պետական հեռուստատեսությամբ՝ հենց Արզաս Ոսկանյանի մասնակցությամբ, որը հանդես է եկել Սարոյի դերերգով։ Անուշի դերում ելույթ է ունեցել նշանավոր երգչուհի Արաքս Մանսուրյանը։ Հենց այդ տարիներին էր, որ Ռոբերտ Աթայանը ուսուցչի և ավագ ընկերոջ իրավունքով պատգամել էր Արզաս Ոսկանյանին՝ անդրադառնալ կոմիտասյան «Անուշին»։
Հանդիսատեսը մեծ խանդավառությամբ ընդունեց «Անուշ» երաժշտական ներկայացման առաջնախաղը։ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյանական տարին եզրափակվեց հենց այս ստեղծագործության առաջնախաղով։
Կոմիտասյան և թումանյանական գանձը՝ «Անուշ» երաժշտական ներկայացումը, նոր ու ինքնատիպ մատուցմամբ իր արժանի տեղը կունենա մեր ազգային-երաժշտական գանձարանում։