Դեկտեմբերի 3-ի ուշ երեկոյան ավարտվեցին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ընդդիմադիր Բենի Գանցի բանակցությունները, որ տևեցին մեկ ժամից էլ պակաս:
Հանդիպման ավարտից հետո վարչապետի գրասենյակը տարածեց հաղորդագրություն, որում ասվում է. «Ազգային միասնության կառավարություն կազմելու նպատակով վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջարկել է օրենսդրական ակտերի փաթեթ, որի դրույթները չեն ընդունվել Գանցի կողմից»:
Նույն աղբյուրի պնդմամբ՝ ներկայում վարչապետ Բենյամին Նեթանյահուն խորհրդակցություններ է անցկացնում, որպեսզի գտնի ներքաղաքական թնջուկը հանգուցալուծելու ուղիները:
Իսրայելական մամուլի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 5-ին, հավանաբար, հենց այս հարցերն է քննարկելու Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության կենտրոնական համաժողովը: Բայց որքան էլ տարօրինակ հնչի, կուսակցության ղեկավար Բենիամին Նեթանյահուն ասել է, որ ինքը չի կարողանա մասնակցել միջոցառմանը, քանի որ դեկտեմբերի 4-ին մեկնելու է Լիսաբոն, որտեղ հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ՝ հաղորդում է Kan Bet-ը: