Իր գոյությունից 70 տարի անց Հյուսիսատլանտյան դաշինքը հարցականի տակ է դնում հենց այն երկիրը, որն ամենամեծ ներդրումն է ունեցել դրա ստեղծման գործում՝ գրում է ֆրանսիական Le Figaro-ն:
Պարբերականը նկատում է, որ փոխանակ ՆԱՏՕ-ի 70-ամյակը մեծ շուքով նշվեր Վաշինգթոնում, որտեղ այն հիմնադրվել է, գագաթնաժողովն անց է կացվում Լոնդոնում՝ Միացյալ Նահանգների և նրա եվրոպական դաշնակիցների միջև նոր լարվածություն առաջացնելով:
Հիշեցնելով, որ ՆԱՏՕ-ի անցած գագաթնաժողովների մթնոլորտը նույնպես լարվել է հենց Դոնալդ Թրամփի ու նրա նախատինքների պատճառով, պարբերականը նշում է, որ այս անգամ էլ շատ բան չի փոխվել. Թրամփը կրկին Լոնդոն է մեկնել՝ «ամերիկյան ժողովրդի համար պայքարելու» տրամադրվածությամբ, որովհետև ինչպես ինքն է պնդում՝ «ԱՄՆ-ն ավելի շատ է վճարում»:
Ճիշտ է՝ վերջերս նրա տոնը փոխվել է ՆԱՏՕ-ի մասին խոսելիս, և Սպիտակ տան խոսնակն էլ օրերս ՆԱՏՕ-ին «պատմության ամենաարդյունավետ դաշինք» որակումը տվեց, այնուամենայնիվ, ըստ պարբերականի, Սպիտակ տան ղեկավարը բազմի՛ցս է ցուցադրել իր արհամարհանքը միջազգային կազմակերպությունների նկատմամբ և ներկայում էլ շարունակում է ՆԱՏՕ-ն հիմնականում ընկալել՝ որպես ֆինանսական բեռ Միացյալ Նահանգների համար: Բացի այդ, ամերիկյան լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, խորհրդականների հետ զրույցներում Թրամփը բազմիցս է նշել դաշինքից դուրս գալու հնարավորության մասին, և ոչ մի խոսք այն մասին, որ դաշնակիցներն այս ընթացքում մոտ 100 միլիարդ դոլար հավելյալ գումար են հատկացրել պաշտպանական ծախսերի համար:
Le Figaro-ն գրում է, որ չնայած՝ իմփիչմենթի գործընթացի ֆոնին Թրափը փորձում է պետության պատասխանատու ղեկավարի դերում հանդես գալ, միևնույն է, մտադիր է ՆԱՏՕ-ի բյուջեում ամերիկյան մասնակցության մասնաբաժինը 22%-ից կրճատել ու հասցնել 16%-ի, և անհնար է մտածել, որ եվրոպական գործընկերներն այս փաստը հանգիստ են ընդունելու: Պարբերականը կանխատեսում է, որ Թրամփին դժվար զրույց է սպասվում Մակրոնի, Մերկելի և ուրիշների հետ:
Ֆինանսական խնդիրներից բացի, ԱՄՆ-ը փորձելու է Չինաստանի աճող ազդեցության հարցը բարձրացնել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:
Չինաստանը ակտիվորեն ձգտում է ընդլայնել իր ներկայությունն ամբողջ աշխարհում, ներառյալ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներում: Պեկինը պետություններին առաջարկում է բարենպաստ վարկեր և ենթակառուցվածքների ոլորտում ներդրումներ, ձգտում է վարկային պարտավորությունների թակարդի մեջ գցել բոլորին, որպեսզի դրա դիմաց դիվանագիտական զիջումներ ստանա՝ Le Figaro-ին բացատրել է Սպիտակ տան աշխատակիցը, որ ցանկացել է անանուն մնալ: Հավանաբար, Սպիտակ տան աշխատակիցը փորձել է այդկերպ արդարացնել Թրամփի դիրքորոշումն ու Չինաստանի ուղղությամբ այդչափ կենտրոնացումը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: