Երևանի քաղաքապետարանը սկսում է իրազեկման միամսյակ: «Ունիսոն» ՀԿ հետ համագործակցությամբ թողարկվել է «Իմ երազանքի մայրաքաղաքը» ծալաթերթիկը: Այստեղ ներկայացված են հաշմանդամություն ունեցող՝ տարբեր տարիքի քաղաքացիների երազանքներն ու ցանկությունները:
Տեղեկատվական թերթիկում գործնական խորհուրդներ են, օրինակ՝ ինչպե՞ս օգնել խաչմերուկը հատող՝ տեսողական կամ լսողական խնդիրներ ունեցող անձանց: Կամ էլ՝ չկայանե՛լ մեքենաները թեքահարթակների դիմաց կամ հաշմանդամություն ունեցող անձանց մեքենաների համար նախատեսված հատվածներում: Կան նաև որոշ օգտակար խորհուրդներ շփման համար:
Ընդգծելով վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքապետարանի նախաձեռնությամբ կյանքի կոչված ծրագրերի կարևորությունը՝ «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանն առանձնացրել է քաղաքի մատչելիությանն առնչվող մի քանի հիմնախնդիր: «Քաղաքում տեղաշարժվելն այսօր որոշակի առումով հարմարեցված է, սակայն դեռևս խնդիր է, օրինակ, մշակութային օջախներ այցելելը, առավել ևս, եթե պետք է ելույթ ունենալ այդտեղ: Դեռ շատ անելիքներ կան, և մենք պատրաստ ենք, մեր հերթին, ներդրում ունենալ խնդիրների լուծման գործում»,- ասել է նա:
Հանդիպման մասնակիցները փաստել են, որ խնդիրների վերհանումն ու լուծումը մեծապես կախված են շահառու կազմակերպությունների և անհատների՝ քաղաքային իշխանության հետ համագործակցությունից: