«Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության բոլոր պատգամավորները որոշել են մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին ամսական 10.000 դրամ սեփական աշխատավարձից տրամադրելու համահայկական ակցիային: Այդ մասին ասել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Արպատ Ավանեսյանը՝ նշելով, որ նման որոշում կայացվել է խմբակցության՝ այսօր տեղի ունեցած նիստում:
«Անուրանալի է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դերը Արցախի կյանքում: Մենք ամեն տարի մեր համեստ մասնակցությունն ենք ունենում դրամահավաքին, բայց վերջին տարիներին տպավորություն կա, որ հետաքրքրությունը գնալով նվազում է: Սա անընդունելի է, քանի որ հայրենիքը մեր բոլորիս աջակցության կարիքը դեռևս զգում է ու միշտ զգալու է, կարևոր չէ՝ երբ, ինչպես: Այս առումով մեզ ևս ոգևորել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, որ յուրաքանչյուր հայ ամենամսյա սկզբունքով իր բաժին մասնակցությունը ունենա: Մեր խմբակցության բոլոր 16 պատգամավորները ևս որոշել են միանալ այդ համազգային ակցիային»,- նշել է Ա. Ավանեսյանը:
Պատգամավորը նաև կոչով դիմել է համայն հայությանը՝ նշելով, որ եթե այս ակցիայի սկզբունքներից է՝ մարտահրավեր ուղարկել ևս մի քանի ընկերոջ, «Հայրենիք» խմբակցության անունից մարտահրավերն ուղարկվում է բոլորին:
«Որպեսզի հետո ոչ մի հայ իր չմասնակցելու հանգամանքը չպայմանավորի նրանով, թե իրեն մարտահրավեր ուղարկող չի եղել,- ժպտալով ասում է պատգամավորը և շարունակում,- այն նաև լավ հնարավորություն է, որպեսզի ազգային տուրքը, որպես գաղափար, կյանքի կոչվի: Մենք այդ մասին երկար տարիներ խոսում ենք, բայց այդպես էլ չենք անում»,- նշել է Ավանեսյանը: