Ադրբեջանի ընդդիմադիր Մուսավաթ կուսակցության շտաբ-կայանում տեղի է ունեցել երկրի ընդդիմադիր մի քանի կուսակցության ներկայացուցիչների հավաքը, որի ընթացքում քննարկվել է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու կամ բոյկոտելու հարցը:
Ներկաների մեծ մասը անհրաժեշտ է համարել մասնակցությունն ընտրություններին՝ չնայած ընտրական անբարենպաստ միջավայրին՝ ոչ ժողովրդավարական ընտրական օրենսդրությանը, իշխանությունների կողմից ընտրական հանձնաժողովների վերահսկմանը, հավաքների ազատության արգելքին և այլ սահմանափակումներին:
Հանդիպման մասնակիցները մեկ հարցում համամիտ են եղել. քաղաքական բոլոր ուժերը պետք է հանդես գան միասնական դիրքերից:
Կլոր սեղանի մասնակիցները որոշել են շարունակել խորհրդակցությունները առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերից յուրաքանչյուրի դիրքը որոշելու համար: Կուսակցությունները, որոնք որոշում են կայացրել մասնակցել ընտրություններին, հայտարարել են, թե կփորձեն հասնել ընտրական հանձնաժողովների կազմի վերանայման և ապահովել բոլորի համար հավասար պայմաններ: