ՔՀԳ վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ Նելլի Դուրյանը Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում տվեց «Անչափահասը և բռնությունը» խորագրով մեկամսյա կանխարգելիչ միջոցառումների մեկնարկը։ Նելլի Դուրյանը նախ ներկայացրեց թեմայի կարևորությունը և՛ դպրոցում, և՛ ընտանիքում բռնության դեպքերը կանխարգելելու առումով։
Ոստիկանության գնդապետը խոսեց բռնության առավել տարածված տեսակներից՝ ընդգծելով, որ իրենց ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացվող միջոցառումների նպատակներից է նաև անչափահասների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացումը։
Անդրադարձ արվեց նաև բռնության ենթարկված անչափահասների հոգեբանական աջակցության խնդրին, ինչը մասամբ նաև դպրոցում աշակերտների հետ ամենօրյա աշխատանք տանող ոստիկանների ուսերին է։ Բերվեցին կոնկրետ օրինակներ, երբ աշակերտ-ոստիկան փոխվստահության արդյունքում բռնության դեպքեր են կանխվել, ինչը կարևորագույն ձեռքբերում է։
Բովանդակալից քննարկման մաս կազմեց նաև «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը։ Այս համատեքստում աշակերտներն իրենց հուզող հարցերը հնչեցրին, որոնց ոստիկանության ծառայողները տվեցին սպառիչ պատասխաններ։ Նման ձևաչափով միջոցառումներ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կիրականացվեն հանրապետության շուրջ 1400 դպրոցում։