Լիտվայի ամենամեծ Delfi.lt առցանց լրատվական պորտալում հրապարակել է լիտվացի հայտնի լրագրող և գիտնական Վլադիմիրաս Լաուչիուսի հոդվածը, որում նա անդրադարձել է՝ Հայոց ցեղասպանթյան հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը։
Հոդվածում հեղինակը, կասկածի տակ դնելով Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ին անդամ լինելու իրավունքը, բերել է մի շարք հիմքեր, որոնք պետք է խոչընդոտեին նրա ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժխտումը։ Լիտվացի լրագրողը քննադատել է նաև Արևմուտքին՝ Թուրքիայի մութ անցյալի հարցում լռելու համար։ Հոդվածում մասնավորապես ասվում է.
«Անհնար կլիներ պատկերացնել, որ Գերմանիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնար, եթե ճանաչած չլիներ նացիստական հանցագործությունները, ներառյալ Հոլոքոստը: Իսկ Թուրքիան, որը չի պատրաստվում խոստովանել քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի, ասորիների և հույների նկատմամբ իրականացրած ցեղասպանությունները, ՆԱՏՕ-ի անդամ է։
Թուրքիայում քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը դաժանության, խոշտանգումների, գաղափարական արդարացման և զանգվածայնության տեսակետից, շատ նման է նացիստների կողմից իրականացված Հոլոքոստին:
ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության հիմնական խնդիրն այն չէ, որ այն արգելափակում է Բալթյան պաշտպանական պլանները, գնում է ռուսական S-400- ներ ՝ հրաժարվելով ամերիկյան սպառազինությունից, աջակցում է ԻՊ- ին և Ջաբհադ ալ-Նուսրայի զինյալներին, բռնազավթում է սիրիական տարածքներ, որտեղ իր արաբական դաշնակիցների հետ միասին ոչնչացնում է քրիստոնեական համայնքների մնացորդները Փոքր Ասիայում: Խնդիրն այստեղ ոչ թե Թուրքիայի, այլ Արևմուտքի մոտեցման մեջ է։
regionmonitor.com-ը նշում է նաև, որ Թուրքիայի իրականացրած քրիստոնյա հայերի (սպանվել են առնվազն 1,5 մլն մարդ), հույների (750 000 մարդ) և ասորիներ (մոտ 300 000 մարդ) ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչվել են Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի կողմից։
Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է նաև Եվրախորհրդարանի, Եվրոպայի խորհրդի և վերջերս՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից։
Այն ճանաչվել է նաև ՆԱՏՕ-ի շատ անդամ երկրների, այդ թվում՝ Լիտվայի կողմից։