«Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձել է նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Միքայել Հարությունյանի, Վահագն Հարությունյանի, Միհրան Պողոսյանի և Գևորգ Կոստանյանի՝ երկրից հեռանալուն:
Ա.Քոչարյանը նշել է, որ նախկին պաշտոնյաները պետք է հասկանան, որ ժամանակին նրանց կառավարմանն են հանձնված եղել տարբեր կարևոր կառույցներ, և հիմա խուսափելով ներկայանալուց և նախաքննության մարմնի հարցերին պատասխանելուց՝ այս անձինք ապացուցում են, որ ոչ միայն հենց իրենք են փչացրել այդ կառույցները, այլև միաժամանակ ստվերում են ժամանակին բարեխղճորեն իրենց ծառայությունները իրականացրած բազմաթիվ պրոֆեսիոնալ կադրերի ուղին:
«Համապատասխան մարմինները պետք է քայլեր ձեռնարկեն օր առաջ նշյալներին տուն վերադարձնելու ուղղությամբ, եթե այս անձինք չունեն վերադառնալու կարևորությունը ինքնուրույն գիտակցելու ունակություն:
Մարտի 1-ի բացահայտումը ոչ միայն կվերականգնի արդարությունը, կօգնի տուժածների և զոհվածների ընտանիքներին բացահայտել կատարվածը, այլև վերջնականապես կփակի պետության ողբերգական էջերից մեկը: Ուստի առաջարկում եմ հնարավոր բոլոր տարբերակները կիրառել նրանց Հայաստան վերադարձնելու նպատակով»,- ասել է Աանդրանիկ Քոչարյանը:
Քոչարյանը նաև նշել է, որ իր թվարկած մարդկանց առնվազն կեսը չունի ՌԴ քաղաքացիություն:
«Նրանցից ոմանք ժամանակին ուղղակի կատարել են մեկ այլ, շատ ավելի բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից իրավական առումով խիստ կասկածելի արված հրամաններ: Բոլոր ժամանակներում ցանկացած հայի, այդ թվում նաև՝ տարբեր քրեական գործերով ներգրավվածների համար աշխարհում ամենաանվտանգ վայրը, խորությամբ գիտակցե՛ք, Հայաստանի Հանրապետությունն է և վե՛րջ»: