Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ Գագիկ Ծառուկյանի միջնորդությամբ հանդիպած մեծահարուստները ներդրումային որևէ առաջարկ փաստաթղթային տարբերակով չեն ներկայացրել: Այդ մասին 1lurer.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի այսօրվա հայտարարությանը, ըստ որի՝ Աբու Դաբիի թագաժառանգը և ԱՄԷ «Ռոտանա» հյուրանոցային ցանցի սեփականատերը հանդիպել են Երևանի քաղաքապետի և գլխավոր ճարտարապետի հետ՝ մեր երկրում ներդրումներ անելու՝ հիվանդանոց և հյուրանոց կառուցելու նպատակով:
«Նշենք, որ որևէ կոնկրետ, գործնական, փաստաթղթավորված առաջարկ, նախագիծ քաղաքապետարանը չի ստացել: Եթե մարդիկ լուրջ են տրամադրված և իսկապես մտադիր են ներդրումներ անել ու կառուցապատում իրականացնել Երևանում, նրանք որևէ խոչընդոտ չեն կարող ունենալ: Նրանց գործողությունները կարող են սահմանափակվել միայն և բացառապես ՀՀ օրենսդրությամբ: Այնպես որ, ես էմոցիոնալ զեղումներն այստեղ տեղին չեմ համարում: Տասնյակ և հարյուրավոր կառուցապատողներ, հյուրանոց կառուցողներ, բնակելի, ֆունկցիոնալ շինարարություն կատարող մարդիկ շատ նորմալ, գործնական հարաբերությունների մեջ են Երևանի քաղաքապետարանի հետ: Եվ նրանց կարող է միանալ ցանկացած ոք՝ լինի դա Արաբական Միացյալ Էմիրություններից, Հայաստանի Հանրապետությունից, ցանկացած ծագման, կրոնի, աշխարհընկալման տեր մարդ»,- նշեց Հ.Կարապետյանը: