Երևան համայնքին որոշ ընկերությունների, անհատների կողմից աղբատար մեքենաների նվիրատվության գործընթացն ուսումնասիրելու համար ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծման գործընթացը։
ԱԺ փոխնախագահը, անդրադառնալով հանձնաժողովի ստեղծման գաղափարին, նշել է, որ քաղաքապետ Հայկ Մարությանը կատարել է իր գործառույթն ու օրենսդրական առումով որևէ խախտում չի արել, այլ հարց է, որ գուցե օրենսդրական բաց գոյություն ունի, որն ընդդիմությունը փորձում է շահարկել:
Անդրադառնալով շինթույլտվություններին՝ ԱԺ փոխնախագահն ասել է, որ բազմաթիվ շինթույլտվություններ են տրվել, և մեկը մյուսի հետ կապել նշանակում է աշխատել և ենթադրություններ անել հին տրամաբանության մեջ:
«Ինչ-որ մեկը ենթադրում է, որ Հայկ Մարությանը կամ Ալեն Սիմոնյանը կամ որևիցե մեկը կարող է «Կամազ»-ի դիմաց ինչ-որ մեկին ինչ-որ բան անել, ապա նույնիսկ այն մարդիկ, որոնք ենթադրել են՝ հին տրամաբանության մեջ են»,- ասել է Սիմոնյանը :
Սիմոնյանը գործընթացում որևէ գաղտնիության տարր չի տեսնում, քանի որ շնորհակալագրերը նախապես տպվել են, գրվել են անունները: Ըստ Սիմոնյանի՝ քննիչ հանձնաժողովը շատ ավելի քաղաքական բնույթ է կրում և նա քաղաքական գնահատականի կարիք այս պահին չի տեսնում: