Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) 2020-2021 ուսումնական տարվանից կներդրվի մագիստրոսական նոր կրթական ծրագիր՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում»: Այն համալսարանի և ՏՏ-բիզնես ոլորտների իրական համագործակցության լավ օրինակ է, քանի որ ծրագիրն իրականացնելու է ՀՊՏՀ-ն՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լավագույն կազմակերպությունների՝ «ԱՐՓԻՆԵՏ» ՍՊԸ-ի և «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ի հետ:
Ծրագրի մշակման աշխատանքներն արդեն մեկնարկել են, և դրանց մասնակցում են ոչ միայն տնտեսագիտական համալսարանի, այլև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները՝ առաջադրելով իրենց ոլորտների համար անհրաժեշտ հմտություններն ապահովող դասընթացներ: Սա կրթական ծրագրի օրինակ է, որի մշակմանը հատկապես ակտիվ մասնակցություն է ունենում գործատուն: Կրթական նոր ծրագիրն իրականացվելու է տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի կողմից: Ամբիոնի վարիչ Վարդան Սարգսյանի խոսքով՝ այս կրթական ծրագիրն իր մոդելով տարբերվում է մյուս կրթական ծրագրերից, քանի որ ունի մի քանի առավելություն. նախ՝ մեծ տեղ է տրվելու փորձառությանը և դասընթացներից հետո իրականացվելու են փորձառություններ, ինչը կամրապնդի լսարանում ստացած գիտելիքները, դասավանդելու են ոչ միայն համալսարանի, այլև հիմնականում ՏՏ ոլորտի լավագույն մասնագետները, ուսանողներին տրվելու է համակարգչային ցանցերի, կիբեռանվտանգության, բիզնեսում տեղեկատվական համակարգերի, տվյալների մշակման և բիզնես հմտության գործիքների և մոդելների մասին կիրառական գիտելիքների լայն շրջանակ: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեր երկրում արագ զարգանում է, սակայն ակնկալվում են հետագա զարգացումներ: Զարգացման հաջորդ փուլում անհրաժեշտ է ՏՏ ոլորտի և բիզնեսի ինտեգրացիան, ինչին էլ միտված է այս կրթական ծրագիրը. չէ՞ որ այսօր բիզնեսում տեխնոլոգիաների կիրառումը դարձել է իմպերատիվ պահանջ և բոլոր գործընթացները՝ հաճախորդների հետ աշխատանքը, մատակարարման և մյուս ուղղություններով աշխատանքն իրականացվում են բարձր տեխնոլոգիաների միջոցով»,- ասում է Վարդան Սարգսյանը: Ծրագիրը կտևի 1,5 տարի, որից մեկ տարին կլինեն դասընթացները, իսկ կես տարին կհատկացվի հիմնական փորձառությանը և մագիստրոսական թեզի պատրաստմանը:
Մագիստրոսական կրթական ծրագիրը կյանքի է կոչվում եռակողմ հուշագրի հիման վրա, որը նոյեմբերին ՀՊՏՀ-ում ստորագրել են ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ տնօրեն Քրիստինե Գյոնջյանը և «ԱՐՓԻՆԵՏ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանը:
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը նշում է, որ տնտեսագիտական համալսարանում այժմ վերափոխվում են մագիստրոսական կրթական ծրագրերը և փորձառությունների կազմակերպման ձևաչափը, ինչի համատեքստում մեծապես կարևորվում է գործատուների հետ հարաբերությունների հաստատումը: Այսինքն՝ նախկինում գոյություն ունեցող փորձառության կազմակերպման գործընթացը կվերափոխվի և կդառնա ավելի արդյունավետ՝ ուսանողներին հնարավորություն տալով ոչ թե ուսման ավարտին երկարատև փորձառություն անցնել, այլ հենց ուսումնառության շրջանում յուրաքանչյուր առարկայի ուսումնասիրությունից հետո գիտելիքներն ամրապնդել պրակտիկ միջավայրում: Այս ծրագիրը ևս, Դիանա Գալոյանի խոսքով, մեծ հնարավորություն է ընձեռում ուսանողներին ոչ միայն ստանալ անհրաժեշտ գիտելիքներ, այլև՝ մասնակցել արդյունավետ փորձառությունների:
«ԱՐՓԻՆԵՏ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանը նշում է, որ սույն համագործակցությունը նորարարություն է և գործատուի համար շատ կարևոր խնդիր է լուծում: Նրա խոսքով՝ մասնակցելով համալսարանական կրթությանը՝ կազմակերպությունը կկարողանա ուսանողներին փոխանցել իր համար անհրաժեշտ հմտությունները և հետագայում ավելի դյուրին կերպով նորավարտներին կընդունի աշխատանքի:
«Հայաստանի օպերատորների միություն» հասարակական կազմակերպության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը համագործակցությունը նշանակալի է համարում՝ ընդգծելով, որ այն կրթական և բիզնես հատվածների սերտ գործակցության հրաշալի հնարավորություն է, որի արդյունքում կազմակերպությունների ներկայացուցիչները ուսուցման նոր մեթոդներով ուսանողներին կհաղորդեն աշխատաշուկայում հաստատվելու համար անհրաժեշտ գիտելիքներ: «Շնորհակալ եմ համագործակցության համար և լիահույս եմ, որ շատ շուտով մենք կունենանք իրենց ուժերին վստահ, աշխատանքին պատրաստ, անհրաժեշտ հմտություններով և գիտելիքներով օժտված մասնագետներ»,- ասում է Քրիստինե Գյոնջյանը: