Շվեդիայում գրանցված Nordic monitor-ը նոյեմբերի 29-ին հոդված էր հրապարակել այն մասին, որ Թուրքիան Հայաստանի դեմ ռազմաօդային գործողությունների ծրագիր է մշակել՝ ALTAY ծածկագրով:
Շվեդիայում գործող այս կայքը համակարգում են ազգությամբ թուրք լրագրողներ, որոնք բոլորն էլ պաշտոնական Անկարայի կողմից համարվում են «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ) անդամներ։
Թուրքական իշխանամետ մամուլն այսօր անդրադարձել է այդ հրապարակմանը՝ նշյալ տեղեկությունները հրապարակող լրագրողներին անվանելով դավաճաններ, որոնք մատնում են Թուրքիային և գործում են հայրենիքի պետական շահի դեմ։
Ուշագրավ է այն հանգամանքը, որ իշխանական մամուլը ոչ թե հերքում է ALTAY ծածկանվամբ՝ Հայաստանի դեմ հնարավոր ռազմական գործողության գոյությունն իսկ, այլ այն հրապարակողների՛ն է մեղադրում պետական դավաճանության մեջ։
Թուրքական մամուլը նույնպես ընդգծում է այդ տեղեկությունը հրապարակողների գյուլենական լինելու հանգամանքը և անդրադառնում է արձագանքներին։ Մասնավորապես, հունական մամուլում մեկնաբանություններ են տեղ գտել այն մասին, թե չի բացառվում, որ Սիրիայից հետո Թուրքիան հայացքն ուղղի դեպի Հայաստան՝ տեղեկացնում է Ermenihaber-ը: