ԱԺ հայտարարությունների ժամին պատգամավոր Արման Բաբաջանյանը նշել է, որ 2018 թվականի թավշյա հեղափոխությունն ազատ, արդար և ժողովրդավարական պետություն կառուցելու հնարավորություն է՝ միաժամանակ շեշտելով, որ հեղափոխությունն ամեն օր բախվում է սպառնալիքների ու մարտահրավերների:
«Քաղաքական դաշտում իրական ընդդիմության տեղը բոլոր հնարավոր միջոցներով փորձում են զբաղեցնել նախկին իշխանություններն ու նրանց սպասարկող համակարգերը, ինչը հղի է ինչպես հեղափոխությանը, այնպես էլ երկրին սպառնացող վտանգներով»,- ասել է պատգամավորը:
Ըստ Բաբաջանյանի՝ կենսական անհրաժեշտություն է որևէ ձևաչափով իշխանության այնպիսի այլընտրանքի ստեղծումը, որն աղերս չի ունենա հանցավոր անցյալի հետ ու հավատարիմ կմնա հեղափոխության հիմքում դրված արժեքներին:
ԱԺ ամբիոնից Բաբաջանյանը ևս մեկ անգամ կոչ է արել բոլորին միանալ իրեն և դեկտեմբերի 14-ին միասնաբար որոշել հետագա անելիքները: