ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մասիս Մայիլյանի հետ:
Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվել է Բրատիսլավայի համաժողովի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կայանալիք հանդիպմանն ընդառաջ Հայաստանի և Արցախի ակնկալիքներն ու առաջնայնությունները:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է նման ձևաչափով պարբերաբար հանդիպումների անցկացման կարևորությունը՝ նշելով, որ այն լավ հնարավորություն է ընձեռում հանգամանալից մտքեր փոխանակելու Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերի և հեռանկարների շուրջ։
Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացման համատեքստում ընդգծվել է Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչների միջև իրականացված փոխանակման ծրագրի անցկացումը:
Նախարար Մնացականյանը վերահաստատել է հրադադարի ամրապնդման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը՝ շփման գծում միջադեպերի կանխման նպատակով:
Երկուստեք ընդգծվել է Արցախի ժողովրդի մանդատը վայելող իշխանությունների լիարժեք ներգրավվածության անհրաժեշտությունը խաղաղ գործընթացին, հատկապես կարգավորման բովանդակային հարցերի շուրջ։