Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Ջավադ Զարիֆն այսօր Twitter-ում գրել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցներն անմեղ քաղաքացիներին են վնասում:
«Տնտեսական ահաբեկչությունը մարդկանց մահվան պատճառ է դառնում»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը:
Զարիֆը նաև կարևորել է Եվրամիության դերակատարումն այս հարցում և ընդգծել, որ սպառնալիքներ հնչեցնելու կամ սին խոստումներ տալու փոխարեն ԵՄ-ն պիտի գոնե իր ստանձնած մարդկային պարտավորությունները կատարի:
«Դեղագործական ընկերությունները պետք է Epidermolyosis bullosa հիվանդությամբ տառապող իրանցի երեխաներին անհրաժեշտ դեղորայքը վաճառեն»,- գրել է Զարիֆը:
Հիշեցնենք, որ Epidermolyosis bullosa հիվանդությունը հազվադեպ գենետիկ հիվանդություն է, որի դեպքում մաշկը ծածկվում է բշտերով ու խոցերով՝ օրգանիզմը վարակների դեմ անպաշտպան դարձնելով: Այս հիվանդությամբ տառապող երեխաների շրջանում մեծ է մաշկի քաղցկեղի առաջացման հավանականությունը:
ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքով բարդացել է դրանով տառապող հիվանդների բուժումը, և իրանական կողմը հայտնում է, որ վերջերս մահացել են Epidermolyosis bullosa հիվանդությամբ տառապող մի քանի իրանցի երեխաներ: