Հայաստանում անցկացված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին անդրադարձել է Rhinegold հեղինակավոր պարբերականը։ Rhinegold-ը համարվում է բարձրարժեք երաժշտությանն ու կատարողական արվեստին անդրադարձող լավագույն հարթակներից մեկը Մեծ Բրիտանիայում և աշխարհում։
Նոյեմբերի 1-9-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հյուրընկալել էին այնպիսի կոմպոզիտորների, ինչպիսիք են՝ Քշիշտոֆ Պենդերեցկին, Ալեքսեյ Շորը, Գեորգս Պելեցիսը, Կարլ Ջենկինսին։ Երեկոներից յուրաքանչյուրը նվիրված էր այս կոմպոզիտորներից մեկի ստեղծագործությանը։
Սմբատյանի խոսքով՝ այս նախաձեռնությունն անգնահատելի արժեք ունի ոչ միայն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, այլև Հայաստանի մշակութային կյանքի համար։
«Մի ամբողջ շաբաթ Հայաստանը ժամանակակից դասական երաժշտության մշակութային կենտրոնն էր դարձել։ Այս լեգենդար կոմպոզիտորներին հյուրընկալելն ու նրանց նվիրված համերգներ կազմակերպելը մեծագույն պատիվ էր մեզ համար»,- Սերգեյ Սմբատյանի խոսքը մեջբերում է Rhinegold-ը։
Ե՛վ Հայաստանի նախագահը, և՛ վարչապետն ընդունել են փառատոնի հյուրերին, իսկ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ու կոմպոզիտորները թեյի սեղանի շուրջ հետաքրքիր հանդիպում ունեցան։
Փառատոնը կազմակերպվել էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, ՀՀ Կառավարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի ջանքերով։
Սերգեյ Սմբատյանը նշել է, որ փառատոնի շրջանակում իրականացվող աշխատանքները շարունակական են լինելու․ «Մենք մեծ հույսեր ու սպասելիքներ ունենք այս փառատոնից։ Մենք ցանկանում ենք այն յուրահատուկ հարթակ դարձնել, որտեղ կհավաքվեն ժամանակակից կոմպոզիտորները՝ իրենց աշխատանքները ներկայացնելու աշխարհի հանդիսատեսին։ Ավելին, մենք ձգտում ենք, որ կոմպոզիտորները հատուկ այս փառատոնի համար երաժշտություն գրեն և, տեսնելով, թե ի՛նչ հաջողությամբ անցկացվեց այս փառատոնը, հավատում ենք, որ նպատակն իրագործելի է»։