ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առաջին անգամ այցելել է Ուկրաինայի հայաշատ Օդեսա համայնք:
Հայ համայնքի հետ հանդիպումը զուգորդվել է մշակույթի տան 11-ամյակի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հիմնադրման 24-ամյակի տոնական ծրագրով, որտեղ հայկականության մթնոլորտն ապահովել են մշակույթի տան, կիրակնօրյա հայկական դպրոցի և մանկապարտեզի, վոկալ համույթի, գրական ստուդիայի, երիտասարդական ակումբի սաները:
Զարեհ Սինանյանը նշել է, որ այս այցը ոչ միայն հնարավորություն էր՝ ծանոթանալ համայնքային կառույցների աշխատանքին, այլև տեսնել հրաշալի հայ երիտասարդությանը, մեկ անգամ ևս վստահությամբ լցվել, որ մեր հայությունը, անկախ գտնվելու վայրից, իրոք ամուր և ուժեղ է:
«Ես ինքս լավ հասկանում եմ՝ ինչ է նշանակում սփյուռքում լինել, շարունակել ապրել որպես հայ, չձուլվել: Գիտեմ, որ շատ հաճախ Ուկրաինայի հայ համայնքն իրեն ուշադրությունից դուրս է զգացել, որի համար անկեղծորեն ցավում եմ: Հավաստիացնում եմ ձեզ, որ դուք միշտ լինելու եք մեր ուշադրության կենտրոնում, հայրենիքը միշտ պատրաստ է օգնել, և այդ օգնությունն այլևս երկկողմանի պիտի լինի»,- շեշտել է հանձնակատարը: Նա նաև շնորհակալություն է հայտնել դպրոցի ուսուցչական անձնակազմին սրտացավ և բարձր մակարդակով տարվող աշխատանքի համար:
«Հայրենիքը ձեզ շատ է սիրում, կարոտում է, միշտ ունեցել է և այժմ էլ ունի ձեր կարիքը, իմացեք, որ դուք միայնակ չեք»,- ամոփոփել է իր խոսքը Զարեհ Սինանյանը:
Հանդիպմանը ներկա էին նաև Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Գևորգ Պետրոսյանը, Օդեսայի հայ համայնքի ղեկավար Սանվել Տիգրանյանը, այլ կառույցների ղեկավարներ, հայ համայնքի մեծաթիվ ներկայացուցիչներ: Հանդիպման ավարտին համայնքի ղեկավարը պագևատրվեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պատվոգրով: