Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մայրաքաղաքի սննդի առաքման ծառայություններից մեկում յուրացման դեպքեր էին եղել: Առաջին հաղորդումը ոստիկանության Կենտրոնականի բաժնում ստացվել է հոկտեմբերի 1-ին: Առաքիչները սովորաբար աշխատանքային օրվա ավարտին սննդի վաճառքից ստացած հասույթը փոխանցում են ընկերության հաշվեհամարին, իսկ կտրոնը լուսանկարելով` հաշվապահին ուղարկում: Սեպտեմբերի 4-6-ը առաքման ծառայության մատուցողը, ըստ քննությանը հայտնի տվյալների, գումարի փոխանցման կտրոնները կեղծելով` ընկերությանը մոտ 200.000 դրամի վնաս էր պատճառել:
Հետաքննության բաժանմունքում հարուցվել էր քրեական գործ: Առաքիչը բաժին էր հրավիրվել, տվել խոստովանական բացատրություն: Թվում էր` մյուսները պետք է հետևություն անեին: Բայց օրեր անց նույն ընկերությունից նոր հաղորդում էր ստացվել. հոկտեմբերի 17-22-ը մեկ այլ առաքիչ ընկերությանը դարձյալ, նշված եղանակով, մոտ 200.000 դրամի նյութական վնաս էր պատճառել: Մեկ ուրիշն էլ հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 11-ը, կեղծելով վճարային տերմինալի կտրոնները, 300.000 դրամից ավելի գումար էր յուրացրել: Բանկի կողմից տրամադրած գրության ուսումնասիրությունը ցույց էր տալիս, որ ներկայացված անդորրագրերի տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Նոյեմբերի 16-17-ը մեկ այլ առաքիչ էլ, ըստ նույն ընկերությունից ստացված հաղորդման, ոչ միայն գումար էր յուրացրել, այլև ընկերության տրամադրած պայուսակն ու բաճկոնը:
Նշված դեպքերով կասկածվողները հրավիրվել են բաժին և տվել բացատրություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: