Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը խոսել է այն մասին, թե ինչու են հենց օրենքի նախագծի թիրախում հայտնվել միայն ՍԴ դատավորները:
«Ես էլ կցանկանամ 4 տարվա իմ աշխատավարձը տան, ու գնամ ըմբոշխնեմ ձմեռային երեկոների հաճույքը Հայաստանի գեղատեսիլ վայրերում: Եվ արդյոք հարկատուները պատրա՞ստ են աշխատանք չկատարող դատավորին կերակրել»,- ասել է պատգամավորը:
Ի պատասխան՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասել է, որ ՍԴ ճգնաժամը պայմանավորված է դատական համակարգի նկատմամբ հանրության անվստահությամբ: Դեռ 2015 թվականին են համարել, որ մոդելը սխալ է: Բադասյանն ընդգծել է, որ նոր մոդելը կյանքի չի կոչվել, քանի որ ՍԴ անդամների ճնշող մեծամասնությունը արդեն իսկ պաշտոնավարում էին որպես ՍԴ դատավորներ:
«Մենք որևէ նպատակ չունենք պաշտպանելու ՍԴ նոր դատավորներին հներից: Մեր նպատակն է ֆիքսել այն իրականությունը, որ 2015 թվականի փոփոխություններով առաջադրվել է: Իրապես սահմանադրական արդարադատություն ունենալու համար մեզ պետք է ՍԴ այս մոդելը»,- ասել է Բադասյանը: