ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է կառավարության ներկայացրած՝ Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ օրենքի նախագիծը։
Նախագծով առաջարկվում է ՍԴ դատավորներին և ՍԴ նախագահին մինչև 2020 թվականի հունվարի 31-ը կամավոր հիմունքով հրաժարական տալ: Եթե ՍԴ նախագահը և դատավորները հրաժարական տան, ապա մինչև պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:
«Սա, ըստ էության, կառավարության կողմից Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու հերթական նախաձեռնությունն է: Այս կարգավորումներն ուղարկվել է նաև Վենետիկի հանձնաժողով, և ստացել ենք իրավական կարծիք»,- ասել է Ռուստամ Բադասյանը։
Նախարարը նաև ներկայացրել է միջազգային փորձը, որն ուսումնասիրվել է նախագիծը մշակելիս։ Ըստ արդարադատության նախարարի՝ Սահմանադրական դատարանի գործող կազմը ցածր վստահություն ունի հանրության շրջանում։ «Օրինակ՝ Վրաստանում կարգավորում է նախատեսվել, որը հնարավորություն է տվել 2005 թ. հունվարի 1-ից մինչև 2006 թ. հունվարի 1-ը Գերագույն դատարանի դատավորներին այդ պաշտոնում 3 տարի աշխատելու և Սահմանադրական դատարանի դատավորներին այդ պաշտոնում 5 տարի աշխատելու դեպքում հրաժարական ներկայացնելիս ցմահ ստանալ իրենց հրաժարականի պահին ունեցած աշխատավարձի չափով ցմահ դրամական ապահովում՝ անկախ տարիքից»,- ասել է արդարադատության նախարարը:
Շարունակելով միջազգային փորձի օրինակների ներկայացումը՝ նախարարն անդրադարձել է Ռուսաստանում դատավորի կարգավիճակի մասին օրենքի համապատասխան կետին, որով յուրաքանչյուր դատավոր, անկախ տարիքից, հրաժարականի իրավունք ունի: Այդ օրենքով հրաժարականը համարվում է պաշտոնից պատվավոր հեռանալը կամ հեռացնելը: Դատավորին էլ նշանակվում է կենսաթոշակ ընդհանուր հիմունքներով կամ ցմահ, չհարկվող դրամական ապահովում:
Ռուստամ Բադասյանը ելույթում ընդգծել է, որ Սահմանադրական դատարանի դատավորներից ձերբազատվելու խնդիր կառավարությունը չի դնում, այլ պատվավոր հեռանալու ինստիտուտ է ներդնում՝ պահպանելով նրանց սոցիալական երաշխիքը։