Դեկտեմբերի 5-ին և 12-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Ջուզեպպե Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» օպերայի համերգային կատարման առաջնախաղը: Այս մասին հայտնում են Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժնից:
Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» օպերան առաջին անգամ ներկայացվել է 1859 թ. փետրվարի 17-ին Հռոմի «Ապոլլո» թատրոնում։ Օպերայի լիբրետոն պատմում է Շվեդիայի արքա Գուստավ Երրորդի սպանության մասին, սակայն այն ժամանակ գրաքննության պահանջով ենթարկվել է խիստ փոփոխության։ Վերդիի լավագույն ստեղծագործությունը այսօր էլ հաճախ բեմադրվում է աշխարհի հեղինակավոր օպերային թատրոններում։
Վերջին անգամ «Պարահանդես-դիմակահանդես» օպերան Հայաստանում բեմադրվել է 60 տարի առաջ։
Ներկայացման բեմադրող դիրիժորն է Մկրտիչ Բաբաջանյանը, մասնակցում են թատրոնի մեներգիչներ, երգչախումբը և սիմֆոնիկ նվագախումբը: Գլխավոր խմբավարն է Հրաչ Բորյանը: Ներկայացմանը մասնակցում են նաև Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի սաները: