Դեկտեմբերի 2-ին Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան հրամանագիր է ստորագրել հանրապետության ՆԳ նախարար Հարի Արշբայի պաշտոնանկության մասին, որն այդ գերատեսչությունը ղեկավարում է 2017-ի հոկտեմբերից: Նման պահանջ էին ներկայացրել խորհրդարանի շենքի մոտ կազմակերպված հանրահավաքի մասնակիցները, որոնք, սակայն, Արշբայի հրաժարականից հետո էլ շարունակում են մնալ՝ պարզելու, թե ով է ղեկավարելու այդ նախարարությունը:
Հանրահավաքի մասնակիցները նաև պահանջում են, որ ոստիկանության ծառայողները թմրանյութ օգտագործելու թեստ անցնեն: Նախարարության նկատմամբ անվստահության պատճառը նոյեմբերին Սուխումում կատարված սպանություններն են և, ընդհանրապես, հանրապետությունում հանցագործությունների աճը: