Սոցիալական ցանցի մի քանի օգտատեր անդրադարձել էին առևտրի կենտրոններից մեկին հարակից տարածքում կատարված հանցագործություններին: Պարզաբանենք, որ նոյեմբերի 29-ին՝ «Սև ուրբաթի» շրջանակում, ինչպես և նախատեսվում էր, առևտրի կենտրոններ այցելուների թիվը բազմապատկվել էր, ինչի կապակցությամբ ոստիկաններն իրականացրել են ուժեղացված ծառայություն, այդ թվում նաև Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում և հարակից ավտոկայանատեղիներում: Աննախադեպ մարդաշատ լինելու պատճառով հաճախորդներն իրենց ավտոմեքենաները կայանել են նաև առևտրի կենտրոնից բավական հեռու՝ անտառամերձ և չվերահսկվող տարածքներում:
Այդ օրը ոստիկանության Մալաթիայի բաժնում, որի սպասարկման տարածքում է գտնվում նշված առևտրի կենտրոնը, արձանագրվել է հանցագործության 10 դեպք: Մասնավորապես, առևտրի կենտրոնի տարբեր խանութ-սրահներից՝ գողության 5 դեպք, որից 4-ը բացահայտվել է, 1 կողոպուտի փորձ, որը նույնպես բացահայտվել է:
Արձանագրվել է նաև Ծիծեռնակաբերդի խճուղուն հարակից տարածքում կայանված ավտոմեքենաներից գողության՝ 3 և գույքի դիտավորյալ վնասման 1 դեպք:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցագործության դեպքերը բացահայտելու ուղղությամբ: