Երևանի շտապ բուժօգնության 1-03 ծառայությունն օրվա ընթացքում սպասարկում է միջինը 750 կանչ: Որպեսզի բժիշկները հնարավորինս արագ տեղ հասնեն, Երևանի վարչական շրջաններում գործում է ծառայության 7 ենթակայան: Շահագործման հանձնելուց հետո ավելի քան 30 տարի դրանք չէին հիմնանորոգվել: Այս տարի առաջին անգամ համայնքային բյուջեից ենթակայանների նորոգման համար քաղաքապետարանը գումար հատկացրեց: 5-րդ ենթակայանում այժմ շինարարական եռուզեռ է:
«5-րդ ենթակայանն ունի մոտ 100-ից ավելի աշխատակից: Մինչև Ամանոր ենթակայանի մեծ մասը նորոգված կլինի»,- հայտնել է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«Այս ծավալի աշխատանքներ երբևէ չէին կատարվել: Ընթացիկ տարվա բյուջեով ևս մեկ ենթակայարան պետք է նորոգվի: Ծրագիրը կշարունակվի նաև հաջորդ տարի, և բոլոր ենթակայանները կնորոգվեն»,- ասում է քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:
6-րդ ենթակայանի նորոգումն արդեն ավարտվել է: Բժիշկների, վարորդների, ընդհանրապես շուրջօրյա հերթափոխով աշխատող բուժանձնակազմի համար ենթակայանների նորոգումն առաջնահերթ էր: Անձնակազմն այժմ հանգստի մի քանի րոպեն անցկացնում է հարմարավետ սենյակներում: Առաջիկայում կթարմացվի նաև գույքը:
«Ակնկալվում է, որ աշխատանքները նաև ծառայության որակին կանդրադառնան, որովհետև շատ կարևոր են բժիշկների և սպասարկող անձնակազմի համար լավ պայմանները»,- նշում է Կամսար Բաբինյանը:
Երևանի շտապ բուժօգնության ծառայությունում նախկին 36-ի փոխարեն գործում է 53 բրիգադ. 50-ը` գծային և վերակենդանացման, 2-ը՝ ֆելդշերական, ևս մեկը՝ հոգեբուժական: Մինչև տարեվերջ բոլոր բրիգադները կունենան նաև նոր համազգեստ:
Առողջապահության ոլորտում ներդրումները վերջին մեկ տարում զգալիորեն ավելացել են: Ժամանակակից և բարձրորակ ծառայություններ մատուցելու նպատակով Երևանի 2020 թ. բյուջեով նախատեսվում է շուրջ 250 մլն դրամ հատկացնել բուժհաստատությունների նորոգմանը՝ 2019-ի 150 մլն դրամի փոխարեն: Այս ծախսերը ներառում են նաև ենթակայանների նորոգումը: Սա, իհարկե առայժմ նախագիծ է, որն ավագանին առաջիկայում պետք է քննարկի ու հաստատի: Քաղաքային իշխանությունը մտադիր է նաև նոր սարքավորումներով համալրել բուժհաստատությունները: