Դեկտեմբերի 3-4-ը Լոնդոնում տեղի կունենա գագաթնաժողով՝ ՆԱՏՕ-ի 70-ամյակին կապակցությամբ: Ըստ արևմտյան վերլուծաբանների՝ դա կլինի ՆԱՏՕ-ի ամենաանկանխատեսելի գագաթնաժողովներից մեկը և, ամենայն հավանականությամբ, կանցնի ոչ տոնական մթնոլորտում:
Դիտորդները նկատել են, որ Դաշինքի ներսում լարվածություն առաջացավ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո: Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև հարաբերությունների հիմնական թեման դարձավ դրամական խնդիրը: Թրամփը անընդհատ դժգոհում է, որ պաշտպանական կազմակերպությունն ապրում է Միացյալ Նահանգների հաշվին: ԱՄՆ-ը հսկայական ծախսեր է կատարում՝ ապահովելով բարեկեցիկ եվրոպական պետությունների անվտանգությունը, որոնք պատրաստ չեն պաշտպանության համար հատկացնել իրենց պետական բյուջեների 2 տոկոսը:
Արդեն պարզ է, որ Ամերիկայի ներդրումը կազմակերպության բյուջեում կրճատվում է 22-ից մինչև 15 տոկոսի չափով, նույն չափով էլ Գերմանիան կնպաստի ՆԱՏՕ-ի բյուջեին: ԱՄՆ դաշնակիցներին անհանգստացնում է, իրենց գնահատմամբ, Թրամփի ոչ կոմպետենտ ռազմավարությունը: ՆԱՏՕ-ն խստորեն քննադատեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հայտարարելով, որ Դաշինքը պետք է առաջին հերթին զբաղվի ահաբեկչության դեմ պայքարով և ոչ թե փնտրի թշնամիներ՝ ի դեմս Ռուսաստանի և Չինաստանի: Մինչդեռ ԱՄՆ նախագահը պատրաստվում է գագաթնաժողովի քննարկման հիմնական թեման դարձնել հենց այդ երկրներից սպասվող վտանգները: Ըստ ամերիկյան կողմի՝ առաջինը սպառնում է զենքով, երկրորդը՝ ժամանակակից տեխնոլոգիայով: