Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային տոնի՝ Միավորման օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը և հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում մասնավորապես ասել է. «Ջերմորեն շնորհավորում եմ բարեկամ Արաբական Միացյալ Էմիրություններին ազգային տոնի՝ Միավորման օրվա առթիվ:
48 տարվա ընթացքում Արաբական Միացյալ Էմիրություններն առաջ է շարժվել փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված միջպետական հարաբերությունների հաստատման, ինչպես նաև տնտեսական, գիտակրթական, մշակութային ոլորտների զարգացման հստակ ուղիով՝ միաժամանակ դառնալով խաղաղության և հանդուրժողականության գաղափարների առաջամարտիկը տարածաշրջանում:
Շեյխ Զայեդի օրոք սկիզբ առած հայ-էմիրաթական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ:
Մենք բարձր ենք գնահատում մեր երկրների և ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները:
Մեր օրակարգում մշտապես կարևոր տեղ է զբաղեցրել Ծոցի երկրների հետ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացումը:
Հայ-էմիրաթական հարաբերություններում, մասնավորապես առևտրատնտեսական ոլորտում, առկա է մեծ ներուժ, որի նպատակային օգտագործումը կխթանի փոխշահավետ համագործակցությունը: Արաբական Միացյալ Էմիրությունները դիտարկում ենք որպես կարևորագույն կամուրջ Հայաստանի և Ծոցի տարածաշրջանի երկրների միջև։
Միևնույն ժամանակ Հայաստանը բարենպաստ հարթակ կարող է լինել Արաբական Միացյալ Էմիրությունների համար՝ ԵԱՏՄ մեծ շուկա մուտք գործելու համար:
Երկու երկրների միջև տնտեսական կապերի ընդլայնման և ամրապնդման գործում կարևոր նշանակություն ունեցավ այս տարվա մայիսին գումարված Հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացումը, որի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը նոր լիցք է հաղորդում երկկողմ հարաբերություններին:
Երկկողմ համագործակցության զարգացման համար նոր խթան կհանդիսանա ExpoDubai-2020 ցուցահանդեսին Հայաստանի բարձր մակարդակով մասնակցությունը:
Մենք կողջունենք և կաջակցենք նաև էմիրաթական կապիտալի ակտիվ մասնակցությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում:
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Արաբական Միացյալ Էմիրություններին և անձամբ դեսպանին, որի անմիջական ջանքերի շնորհիվ Հայաստանում մի շարք բարեգործական, կրթական և սոցիալական ծրագրեր են իրականացվում:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդին Միավորման օրվա առթիվ և մաղթում խաղաղություն, բարեկեցություն և հարատև բարգավաճում»: