Երիտասարդ եվրոպական դեսպանները մարդու իրավունքների սուրճի շրջիկ մեքենայով դեկտեմբերի 1-ին շրջել են Երևանի փողոցներում: Երիտասարդներն անվճար սուրճ են հյուրասիրել հատուկ QR կոդով և մարդու իրավունքներին վերաբերող մեսիջներ կրող բաժակներով, ինչպես նաև զրուցել մարդու իրավունքների և դրանց կարևորության մասին: Հետաքրքրվածները միացել են միջոցառմանը՝ արտահայտելով իրենց կարծիքը կյանքի, աշխատելու, ամուսնանալու, ազատ խոսքի և այլ իրավունքների մասին՝ ըմպելով մեկ բաժակ սուրճ:
Սուրճի շրջիկ մեքենան հաջողված պատմության օրինակ է, որն իրականություն է դարձել ԵՄ աջակցությամբ՝ iMigrant Armenia ծրագրի միջոցով: Ծրագրի հիմնական նպատակը աշխատանքային միգրանտներին և նրանց ընտանիքներին օժանդակելն է, որպեսզի կարողանան օգտագործել իրենց միգրացիոն պոտենցիալն իրենց համայնքներում նորարարական բիզնես մոդելներ և ստարտափներ ստեղծելու հարցում:
Հայաստանի երիտասարդ եվրոպական դեսպանները նախաձեռնել էին մարդու իրավունքների սուրճի շրջիկ մեքենայով միջոցառումը մարդու իրավունքների միջազգային օրը նշելու, ինչպես նաև նախորդ տարի Գյումրիում առաջին Արեգակ ներառական փուռ-սրճարանի ակցիան բարի ավանդույթ դարձնելու նպատակով: