Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ հանդիսություն` նվիրված երանաշնորհ Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանին:
Հանդիսությունը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեց «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը, ապա ողջույնի խոսք ասաց Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը:
Երեկույթին ձեռամբ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարների, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի, «ՀայՓոստի» գործադիր տնօրեն Հայկ Ավագյանի ու Հայաստանի Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանի կատարվեց «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկի մարումը:
Այնուհետև հանդիսության առիթով ներկաներին իր հայրապետական պատգամն ու օրհնությունը փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Գոհունակ սրտով ողջունում ենք Կոմիտաս վարդապետի 150-ամյակի առիթով կազմակերպված այս համերգի մասնակիցներիդ: Մեր երաժշտության մեծ երախտավորի հոբելյանը այս տարվա մեջ նշվեց տարբեր միջոցառումներով, և այսօր մեկ անգամ ևս համախմբվել ենք մեծարելու մեր ժողովրդի երախտարժան զավակին, ներշնչվելու նրա ստեղծագործություններով, որոնք գրավում և հուզում են ճշմարիտ հայկական մեղեդայնությամբ ու բարձր արվեստով:
Մեր ժողովրդի և հայրենի ժառանգության նկատմամբ անհուն սիրով ու նախանձախնդրությամբ Կոմիտաս վարդապետը նվիրվեց մեր հոգևոր և ժողովրդական երգի հավաքման ու մշակման առաքելությանը, որի իրագործումը հայտնություն եղավ ոչ միայն հայ իրականության մեջ, այլև ժամանակի համաշխարհային մշակույթի անդաստանում: Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարանում ուսումնառության տարիներից արդեն նա կարևորեց հայոց հոգևոր և ազգային երաժշտության անաղարտ պահպանությունն ու զարգացումը և կուսակրոն քահանայության ուխտը ստանձնելիս ստացավ 7-րդ դարի երախտարժան Հայրապետի՝ շարականագիր ու բանաստեղծ Կոմիտաս Աղցեցի կաթողիկոսի մեծարելի անունը:
Մեր Եկեղեցու հովանու ներքո հայրենի ավանդներով սնված Կոմիտաս վարդապետը, արդարև, եղավ գանձապահ մեր ժողովրդի երաժշտական արժեքների: Նա վեր հանեց ու ներկայացրեց հայ երգի հնամենի ակունքները և մեր ժողովրդին վերադարձրեց սեփական երգարվեստի անխառն ու անկրկնելի բույրն ու երանգը և դասական գեղեցկությունն ու բարձր արժեքը: Նման տարողունակ, մանրակրկիտ ու նրբաճաշակ գործ կատարելու համար բավարար չէին երաժշտական մեծ կարողությունները, տաղանդը, որ մանուկ հասակից դրսևորվել էր նրա մեջ, լավագույն կրթությունը, որ նա կատարելագործել էր Եվրոպայում, այլև պետք էր նվիրյալ սիրտ՝ զգալու հարազատ ժողովրդի հոգին և ունենալու նրա առաջընթացի մեծ ու պայծառ տեսիլքը:
Այս գիտակցությամբ ու նվիրումով էր Կոմիտաս վարդապետը ստեղծագործում, դասավանդում, հիմնում երգչախմբեր և հայ երաժշտությունը քարոզում տարբեր երկրների բեմահարթակներից` հնչեցնելով այն իր բարձրարվեստ մշակումներով, խմբավարությամբ և իր անզուգական կատարմամբ»,- ասաց Վեհափառ Հայրապետը:
Երեկույթին համերգային կատարումներով հանդես եկան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյան):
Մայր Աթոռում կազմակերպված հոբելյանական հանդիսությանը առաջին անգամ կատարվեցին և հայ հանդիսատեսի ուշադրությանը հանձնվեցին Կոմիտաս վարդապետի հեղինակած «Հիշողություն» պիեսը՝ լարային նվագախմբի համար, և «Անտառի գիշերը» պիեսը՝ սիմֆոնիկ նվագախմբի համար: