ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է «ՀՀ 2020 թ. երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները: Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը հայտարարել է, որ մրցույթում հաղթել է Կապան քաղաքը, որտեղ եկող տարի նախարարությունը կիրականացնի տեղական և միջազգային երիտասարդական ծրագրեր՝ դրանցում ներգրավելով համայնքի և մարզի երիտասարդներին ու երիտասարդական կազմակերպություններին:
2020 թ. երիտասարդական մայրաքաղաքի կոչման համար հայտ էին ներկայացրել Արմավիր, Կապան, Հրազդան, Գավառ և Գորիս քաղաքները։ Հաղթողը որոշվել է կարճ հաղորդագրությամբ (sms) քվեարկության և հայտերի փորձագիտական գնահատման` տեղում ուսումնասիրությունների արդյունքում: Նոյեմբերի 5-25-ը անցկացված sms քվեարկությամբ ամենաշատ ձայները ստացել է Հրազդանը (2041 ձայն), երկրորդ տեղում Կապանն է (1335), երրորդում՝ Արմավիրը (822), որին հաջորդել են Գավառը (674) և Գորիսը (391): Մրցույթի կազմկոմիտեի և փորձագետների՝ հայտատու քաղաքների մարզական, մշակութային, ժամանցի և այլ հաստատություններ կատարած այցելությունների արդյունքում նախապատվությունը տրվել է Կապանին: Փոխնախարար Գևորգ Լոռեցյանը նշել է, որ արդյունքների համադրումը կատարվել է հնարավորինս անաչառ.
«Ընտրվել է իրապես ամենաարժանի քաղաքը: Կապանն ունի ռեսուրսներ և երիտասարդական ոլորտում ակտիվ աշխատանքների փորձ: Մրցույթի պահանջ չի եղել, որ հաղթող քաղաքն ունենա շատ զարգացած երիտասարդական քաղաքականություն, բայց տվյալ համայնքում մրցույթի միջոցով երիտասարդության ոլորտը որակական նոր աստիճանի բարձրացնելու համար անհրաժեշտ է որոշակի հիմք»,- ասել է Գ. Լոռեցյանը՝ նշելով, որ գնահատվել են ոչ միայն քաղաքի ռեսուրսները, այլ ընդհանուր հայտը՝ ծրագրային առաջարկներով և համագործակցության պատրաստ կազմակերպություններով:
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարի խոսքով՝ քաղաքի համար սա լավ հնարավորություն է: «Ուրախալի է, որ մրցույթում հաղթել է Հայաստանի հեռավոր մարզ ներկայացնող քաղաքը: Սա կնպաստի Կապանի և ընդհանրապես Սյունիքի մարզի երիտասարդական քաղաքականության ակտիվացմանը և տուրիստական հոսքերի շատացմանը: Նախարարությունը խրախուսելու է համայնքներում, հատկապես երիտասարդական մայրաքաղաքում, երիտասարդական նախաձեռնությունների ակտիվացմանը և աջակցելու է տեղական կազմակերպություններին»,- ասել է Գ. Լոռեցյանը:
Տարվա երիտասարդական մայրաքաղաք մրցույթի անցկացմամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նպատակ ունի նպաստել հանրապետության համայնքների համաչափ զարգացմանը, խթանել երիտասարդական նախաձեռնողականության, երիտասարդական քաղաքականության ոլորտում համայնքների միջև բարեխիղճ և գործընկերային հարաբերությունները` ինչպես տեղական և հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակում, խրախուսել համայնքային իշխանություններին՝ տեղական մակարդակում մշակելու արդյունավետ երիտասարդական քաղաքականություն, աջակցել մարզերում երիտասարդական կազմակերպությունների և ենթակառույցների առաջխաղացմանը։