ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում են պետական մարմինների կողմից իրենց լիազորությունների շրջանակներում իրականացված վերահսկողության՝ դատախազություն ներկայացված արդյունքների ուսումնասիրությունները: Այդ շրջանակներում ուսումնասիրվել են նաև Գեղարքունիքի Լճաշեն համայնքի վարչական տարածքում բերրի հողաշերտի հանման փաստի կապակցությամբ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված փաստաթղթերը և տեղեկատվությունը:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցի ընթացքում նշված համայնքի վարչական տարածքում՝ Սարատեղի տանող ճանապարհի հարևանությամբ, հայտնաբերվել են անհայտ անձանց կողմից կատարված ընդհանուր` մոտ 12.954 քմ մակերեսով տարածքի հողերի խախտման և 11.271 խմ սևահողի հանման դեպքեր։
«Հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 25.01.2005 թ. որոշման հիման վրա կատարված հաշվարկի համաձայն՝ արձանագրված վերոհիշյալ խախտումների՝ հողի դեգրադացիայի (հողի բերրի շերտի վնասման և ոչնչացման) հետևանքով պատճառվել է էական՝ մոտ 2 մլն դրամի վնաս։
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել Լճաշեն համայնքի վարչական տարածքում հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնները խախտելու, հողը փչացնելու, շրջակա միջավայրին դիտավորությամբ կամ անզգուշությամբ էական վնաս պատճառելու առերևույթ հանցավոր արարքների հատկանիշների առկայության մասին, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով: