Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական հանրապետությունը Պարսից ծոցի երկրների միջև առկա հաղորդակցության ճանապարհին գտնվելով՝ կարող է վստահելի և հուսալի գործընկեր լինել Եվրասիայի համար: Այդ մասին Արդաքանիանն ասել է դեկտեմբերի 1-ին՝ Իրանի առևտրի զարգացման կազմակերպությունում կազմակերպված «Եվրասիա-Իրան» առևտրային համագումարում:
«Հատկապես հարևան երկրների հետ տնտեսական կոնվերգենցիան Իրանի արտաքին քաղաքականության գերակայություններից է: Եվրասիական տնտեսական միությունը վերջին տասնամյակում տարածաշրջանային քաղաքականության ու համագործակցության լավ օրինակ է եղել»,- հավելել է նախարարը:
Իրանի էներգետիկայի նախարարը հստակեցրել է նաև, որ Իրանը, որպես Միջին Արևելքի կարևոր երկրներից մեկը, կարող է միավորել նաև Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների շահերը, որովհետև բոլոր այդ երկրներն իր հարևաններն են, և վերոնշյալն Իրանի շահերից է բխում:
Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության և ԵԱՏՄ-ի միջև առևտրի ազատ գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը ստորագրվել է անցած մայիսի 17-ին՝ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում:
Նշենք նաև, որ այս տարվա առաջին կեսին Իրանի արտահանման ծավալը դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ աճել է 52 տոկոսով՝ կազմելով 490 միլիոն դոլար, իսկ այդ երկրներից ներմուծումների ծավալը կազմել է 768 միլիոն դոլար: