Թուրքիայի արդարադատության նախարարության թույլտվությամբ Դիարբեքիրի փաստաբանական պալատի նախկին նախագահի և գործադիր խորհրդի 10 անդամի դեմ հետաքննություն է սկսվել: Նրանց մեղադրում են «ժողովրդին հրապարակայնորեն ատելության և թշնամության հրահրելու, Թուրքիայի ազգային մեծ ժողովը նսեմացնելու» հոդվածով: Պատճառը 2018-ին ապրիլի 24-ի առիթով պալատի հրապարակած հայտարարությունն է, որում կազմակերպությունը «կիսել է հայ ժողովրդի չապաքինվող մեծ ցավը»:
«Տառապանքն այնքան մեծ է եղել, որ ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայում հայ ժողովրդի նկատմամբ կատարվածի գնահատումից ստեղծվել է «ցեղասպանություն» եզրույթը: Կոտորածի, աքսորի և տեղահանության առաջացրած ավերածությունը և խոր ցավը թարմ է Ստամբուլում, Դիարբեքիրում, Վանում և Անատոլիայի մի շարք քաղաքներում, որտեղ հայեր են ապրել: Հարգանքով ոգեկոչում ենք Ցեղասպանության ընթացքում զոհված քաղաքացիական անձանց և անմեղ բոլոր հայերին», նշվում է հայտարարության մեջ:
Մեկ այլ տեղեկության համաձայն՝ բանտում վատացել է Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ, այժմ քաղբանտարկյալ Սելահեթթին Դեմիրթաշի առողջական վիճակը: Կրծքավանդակի շրջանում ունեցած ցավի և առաջացած շնչառական խնդիրների պատճառով նա կորցրել է գիտակցությունը և երկար ժամանակ չի ստացել անհրաժեշտ բուժօգնություն: Մերժվել է Դեմիրթաշին հոսպիտալացնելու փաստաբանների պահանջը: