Եգիպտոսի իշխանություններն «Իսլամական դիմադրության շարժում» կազմակերպության՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիային առաջին անգամ իր պաշտոնն ստանձնելուց հետո թույլատրեցին լքել Գազայի հատվածը՝ հաղորդում է Maan-ը:
Առաջիկա օրերին Հանիան կժամանի Կահիրե՝ Եգիպտոսի հետախուզության ղեկավարության միջնորդությամբ բանակցելու Իսրայելի ներկայացուցչի հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բանակցություններին ներկա կլինի նաև «Իսլամական ջիհադ» կազմակերպության գլխավոր քարտուղար Զիյադ ալ-Նահալը, որը Կահիրե կժամանի Դամասկոսից:
Դատելով հրապարակված տեղեկություններից՝ Կահիրեում կքննարկվեն հարցեր, որոնք Գազայի հատվածում իրադրության աստիճանական կարգավորման ծրագրի մաս են կազմում:
Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ «Իսլամական ջիհադ»-ը ռազմական գործողություններ էր անցկացրել Իսրայելի դեմ, սակայն, դրանով հանդերձ, օրերս հայտնի դարձավ, որ Նեթանյահուի կառավարությունը որոշել է բանակցել Նահալի հետ: Եվ քանի որ 2007 թվականից Գազան կառավարող «ՀԱՄԱՍ»-ը երբևէ չի միջամտել այս դիմակայությանը, այժմ, նույնիսկ իսրայելական մամուլի պատկերացմամբ, լավ առիթ է ստեղծվել, որպեսզի կողմերը Եգիպտոսի միջնորդությամբ և ՄԱԿ-ի օժանդակությամբ դեմ առ դեմ խոսեն կուտակված խնդիրների մասին:
Ի դեպ, Mann գործակալության հաղորդմամբ, ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիան Կահիրեից կմեկնի Մոսկվա: Չնայած ռուսական կողմից դեռևս պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել, բայց Մոսկվան ՀԱՄԱՍ-ին չի ճանաչում՝ որպես ահաբեկչական կազմակերպություն և շարունակում է ԱԳՆ-ի մակարդակով կանոնավոր շփումներ պահպանել թե՛ ՀԱՄԱՍ-ի, թե՛ «Իսլամական ջիհադ»-ի ղեկավարության հետ: