Աշխարհի ամենամեծ առցանց խանութը՝ Amazon-ը, իր կայքում Ամանորյա և Սուրբծննդյան տարօրինակ նվերներ է առաջարկում:
Այս մասին տեղեկացնում է իսրայելական մամուլը՝ մանրամասնելով, որ խոսքը ճենապակուց և այլ նյութերից պատրաստված կախազարդերի, շշերի բացիչների ու այլ իրերի մասին է, որոնց վրա Օսվենցիմի, դրա դարպասների, կամ՝ նացիստական տանջարան հասցնող գնացքի ռելսերի պատկերներ կան:
Չնայած հրեական շրջանակներում, դրանց թվում՝ ԶԼՄ-ներում, կատարյալ հիստերիա է սկսվել այդ առիթով, հրեական JTA լրատվական կայքն, օրինակ, գրում է, որ այն ապրանքների շարքում, որոնք առաջարկվում են գնորդներին, ամենևին էլ սկանդալային պատկերներ չկան:
Այնուամենայնիվ, Օսվենցիմի, կամ՝ Աուշվից Բիրկենաուի պետական թանգարանի ղեկավարությունը ընկերության ներկայացուցիչներին խնդրել է հեռացնել կայքից այն ապրանքները, որոնք կարող են ընկալվել՝ որպես «վիրավորական», «ոչ տեղին, ցինիկ» և «տագնապալից»:
Նշենք, որ հիշյալ իրերի վրա պատկերված են ամենատարբեր պատկերներ. ասենք՝ Կրակովի Վրաելի ամրոցը, Վրոցլավի հարյուրամյակի դահլիճը, Գդանսկի շրջակայքը և այլն: