Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա ձգվող ադրբեջանական գազատարը հասել է Հունաստանի սահմաններին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը։
Տրանսանատոլիական գազատարի (TANAP) ասիական հատվածի աշխատանքների ավարտման առիթով, նոյեմբերի 30-ին, Թուրքիայի արևմտյան Իսփալա քաղաքում հանդիսավոր արարողություն տեղի կունենա, որին ներկա կգտնվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ փոխանցում է Haberturk-ը:
TANAP-ի՝ Եվրոպա հասնելու տոնակատարությանը կմասնակցեն նաև 7 երկրների ներկայացուցիչներ, նրանց թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բոսնիա և Հերցեգովինայի նախագահական խորհրդի անդամ Շեֆիք Ջաֆերովիչը, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, որն արդեն մեկնել է Թուրքիա, Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, Չեխիայի Ազգային Ժողովի նախագահ Մայա Գոյկովիչը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի «Շահ Դենիզ» հանքավայրից արդյունահանվող գազը Եվրոպա է հասնում Վրաստանի և Թուրքիայի տարածքով։ Սա համաշխարհային մասշտաբով ամենախոշոր նախագծերից է (1850 կմ երկարություն ունի գազատարը), որովհետև գազատարն անցնում է Թուրքիայի շուրջ 20 նահանգներով, մասամբ նաև՝ Մարմարա ծովով։
Նախատեսվում է, որ գազատարը Եվրոպային տարեկան 10 մլրդ խմ գազ կմատակարարի, իսկ Թուրքիային՝ 6 մլրդ խմ։ Բացի այդ, տարեցտարի այդ ծավալները կավելացվեն՝ հասցվելով մինչև 31 մլն խ/մ-ի։