Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկարներով նոր օրացույցում բացակայում են նրա մերկ կրծքավանդակով լուսանկարները: Փոխարենը՝ Պուտինը կոստյումով է, Դոնալդ Թրամփի և Անգելա Մերկելի հետ, մատը վեր տնկած, մեկ այլ լուսանկարում իր լիմուզինով տեղափոխում է Եգիպտոսի նախագահին, մյուսում ժպտում է Սաուդյան Արաբիայի թագաժառանգին և այլն՝ գրում է The Washington Post-ը:
Ինչպես նշվում է՝ Պուտինի հետ օրացույցը մի՛շտ է մեծ պահանջարկ ունեցել, բայց այս տարի Ռուսաստանի նախագահը հիմնականում երևում է արտասահմանցի ղեկավարների հետ, և հենց դա՛ է ներկա հրատարակության տարբերությունը:
Օրինակ՝ 2019-ի օրացույցում Պուտինը հոկեյ էր խաղում, մերկ կրծքավանդակով ձկնորսություն էր անում Սիբիրում, կերակրում էր կենդանիներին: Ըստ էության, այդ ժամանակ նրան ցանկանում էին ուժեղ, բայց նաև համակրելի մարդ ներկայացնել:
Պարբերականի ներկայացմամբ՝ քանի որ այս օրացույցները դարձել են Կրեմլի պատկերազարդ արշավների մի մասը, այս տարվա քարոզչական ուղերձը հստակ է. փորձ է արվում Պուտինին ոչ միայն Ռուսաստանի տիրակալ, այլև իբրև միջազգայի՛ն առաջնորդ ներկայացնել այնպիսի աշխարհում, որտեղ քաղաքականությունն ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում: Հետևաբար, միայն մե՛կ լուսանկարում է այժմ Պուտինն առանց կոստյումի. ինչ-որ բույս է ուսումնասիրում այգում:
Պարբերականը նաև տեղեկացնում է, որ ինչքան էլ զարմանալի հնչի՝ այս օրացույցները մեծ պահանջարկ ունեն նաև արտասահմանում: Օրինակ՝ Ճապոնիայում դրանք ավելի շատ են վաճառվել, քան նույնիսկ տեղական հերոսներին պատկերող տարբերակները: