Ուրբաթ՝ նոյեմբերի 29-ին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Բրիտանիան կհեռանա Եվրամիությունից ոչ ուշ, քան՝ հունվարի 31-ը, եթե Պահպանողականներն առաջիկա ընտրություններում մեծամասնություն կազմեն պառլամենտում:
«Եթե մենք կարողանանք մեծամասնություն ունենալ, ԵՄ-ն կլքենք հունվարի 31-ին»,- հայտարարել է Ջոնսոնը՝ LBC ռադիոընկերությանը տված հարցազրույցում:
Ջոնսոնը դարձյալ հաստատել է իր այն մոտեցումը, թե որևէ պատճառ չի տեսնում Brexit-ից հետո մի որոշ ժամանակ էլ ձգել անցումային շրջանը: Իսկ հարցին՝ արդյո՞ք, ինքը նորից վարչապետ կընտրվի այդ դեպքում, Միացյալ Թագավորության վարչապետը պատասխանել է, որ ավելի կարևորում է Brexit-ը նորմալ գլուխ բերելու գործը, և այս պահին միայն դա կարող է հաստատել:
Հիշեցնենք, որ նախկինում Ջոնսոնը խոստացել էր Բրիտանիան ԵՄ-ից դուրս բերել մինչև 2019 թվականի հոկտեմբերի 31-ը: