Լրագրողների հետ զրույցում ՀՀ արտգործնախարարն ասել է, որ Արցախի ներգրավումը բանակցային պրոցեսում պրակտիկ նշանակություն ունի գործընթացի համար, քանի որ հարցը հենց արցախցիներին է վերաբերում ։
«Այն, որ հարցի լուծումն առանց Արցախի մասնակցության, առանց Արցախի ձայնի, անհնար է, կարծում եմ` իրողություն է, որն ընդունվել է և արտահայտվել է տարբեր առիթներով, վերջինը եղավ ՌԴ արտգործնախարարի անունից։ Բայց նաև այնպես չէ, որ մյուս համանախագահողների համար սա նույն չափով ընկալելի չէ»,– ասել է Մնացականյանը։
Նախարարն անդրադրձել է նաև Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերին: Դրանց աճի միտումները համարել է բանակցային գործընթացի կարևորագույն ու սկզբունքային հարցերից մեկը:
«Մենք դա անվանում ենք ռիսկերի նվազեցման անհրաժեշտ միջոցառումներ, անկախ նրանից, թե ինչպես կկոչվեն` Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի, թե որևէ այլ։ Այն, ինչ արտահայտվել է այնտեղ, եղել և մնում է օրակարգային և չի սահմանափակվում դրանով։ Բոլոր այն գործողությունները, որոնք բերում են էսկալացիայի ռիսկերի նվազեցման, մեզ համար գերակայություն են»,– ասել է Զոհրաբ Մնացականյանը։
Մնացականյանը նաև համոզմունք է հայտնել, որ վերջին տարվա ընթացքում Հայաստանը ցույց է տվել բանակցային գործընթացի նկատմամբ իր լրջությունն ու ակտիվությունը։