Լիբանանում գրեթե բոլոր բենզալցակայանները չեն աշխատում՝ դրանց սեփականատերերի հայտարարած գործադուլի պատճառով: Նշվում է, որ երկրի բազմաթիվ բենզալցակայաններում՝ ներառյալ Բեյրութում, փակցված են գործադուլի մասին հուշող պաստառներ, իսկ փողոցները դատարկ են:
Լիբանանյան մամուլը գրում է, որ բենզալցակայանների սեփականատերերի գործադուլի պատճառը ֆինանսական կորուստներն են. բանկերը բենզին գնելու համար անհրաժեշտ չափով արտարժույթ չեն տրամադրում, գնորդները, բնականաբար, վճարում են ազգային արժույթով, իսկ Կենտրոնական բանկի և սև շուկայի փոխարժեքի տարբերությունն արդեն 500-700 լիբանանյան ֆունտ է կազմում:
Հիշեցնենք, որ Լիբանանում սկիզբ առած տնտեսական ճգնաժամի հետևանքով սկսված բողոքի ցույցերից ընթացքում՝ հոկտեմբերի 29-ին, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարեց իր հրաժարականի մասին:
Ներքաղաքական ծանր խնդիրներն այս երկրում դեռ չեն հանգուցալուծվում: