Իսրայելը վերսկսել է բանակցությունները պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հետ՝ հույս ունենալով երկարաժամկետ գործարք կնքել Իսրայելի և Գազայի միջև լարվածությունը նվազեցնելու համար: Այս մասին հայտնում է լիբանանյան Al-Ahbar-ը՝ վկայակոչելով եգիպտական աղբյուրներին և հավելելով, թե բանակցությունները կայանում են հենց Եգիպտոսի միջնորդությամբ:
Հաղորդվում է նաև, որ սպասվում է ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Նիկոլայ Մլադենովի հանդիպումը ՀԱՄԱՍ-ի առաջնորդների հետ՝ Իսրայելի հետ գործարք կնքելու փորձի շրջանակներում, հիշեցվում է, որ այս շաբաթվա սկզբում Մլադենովն արդեն հանդիպել է Իսրայելի վարչապետի ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Ըստ անանուն աղբյուրի՝ գործարքը նպատակ ունի լուծել երկարատև խնդիրներ՝ ներառյալ իսրայելցի խաղաղ բնակիչների վերադարձը Գազա, երկու գերեվարված զինվորների հանձնումն Իսրայելին, ահաբեկչական ակտերի դադարեցում և այլն:
Իր հերթին ՀԱՄԱՍ-ը պահանջել է, որ Իսրայելը մեղմի առափնյա անկլավի շրջափակումը և դադարեցնի իրեն դիտել զուտ ահաբեկչական խմբավորման մակարդակում:
Չնայած բանակցությունների վերսկսմանը և Մլադենովի մասնակցությանը համաձայնության ձեռքբերման փորձերին՝ իսրայելցի մի բարձրաստիճան պաշտոնյա էլ Ynet-ին փոխանցել է, որ մինչ այժմ որևէ առաջընթաց չի գրանցվել որևէ կոնկրետ հարցում: