Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ամբողջովին թարմացրել է իր աշխատակազմը՝ ոչ միայն դրա նոր կառուցվածքը հաստատելով, ինչը երկար ժամանակ բոլորից գաղտնի է պահվել, այլև լուրջ կադրային փոփոխություններ անելով:
Նախ՝ Ալիևի հրամանով նախագահի աշխատակազմի պետ է նշանակվել Սամիր Նուրիևը, իսկ օգնականներ՝ Ջամիլ Աբբասովն ու Անար Ալաքբարովը:
Քերեմ Հասանովը նշանակվել է նախագահի պետական վերահսկողության գծով օգնականի պաշտոնում, Զեյնալ Նագդալյևը՝ տարածքային և կազմակերպչական հարցերի գծով, Մահերրամ Ալիևը ռազմական գործերով օգնական է նշանակվել, իսկ Ֆուադ Ալեսկերովը՝ իրավապահ մարմինների հետ աշխատանքի գծով օգնական:
Իլհամ Ալիևի հրամանով Հիքմեթ Հաջիևն օգնական է նշանակվել արտաքին քաղաքականության հարցերով, Շահմար Մովսումովը՝ տնտեսական հարցերի և նորարարությունների զարգացման քաղաքականության գծով, Նաթիգ Ամիրովն էլ կգլխավորի տնտեսական քաղաքականության և արդյունաբերության վարչությունը:
Հետաքրքիր է, որ այսուհետ նախագահի աշխատակազմ կներգրավվի նաև Ալթայ Հասանովը, որ Մեհրիբան Ալիևայի քարտուղարության ղեկավարն էր: Ազեր Հասիմովը կլինի Ալիևի խոսնակը, իսկ Էլչին Բաղիրովը՝ արարողակարգային ծառայության նոր ղեկավարը:
Թալաթ Մեջիդովը հաստատվել է՝ որպես քաղաքացիական ծառայության և կադրերի վարչության պետ, Յուսուֆ Մամեդալիևը երիտասարդության և սպորտի բաժինը կգլխավորի, Ֆարահ Ալիևը հումանիտար քաղաքականության, սփյուռքի, բազմամշակութայնության և կրոնական գործերի բաժնի վարիչը կլինի:
Իրավական փորձաքննության բաժինը կգլխավորի Շահին Ալիևը, քաղաքական կուսակցություններով ու օրենսդրության հարցերով կզբաղվի Ադալաթ Վելիևը, քաղաքացիների դիմումների վարչության պետ է նշանակվել Սուլեյման Իսմայիլովը, գործերի կառավարիչ է նշանակվել Օգթայ Շահբազովը:
Հետաքրքիր է, որ չնայած՝ Իլհամ Ալիևի աշխատակազմի նորացված կառուցվածքը ներառում է արտաքին հարցերով, իրավական քաղաքականության, հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքի, հանրության հետ կապերի, նաև՝ փաստաթղթերի կառավարման վարչություններ, դրանց առնչությամբ մինչ այժմ հանձնարարականներ չեն տրվել:
Նշենք նաև, որ նախագահի աշխատակազմի նորացված կառուցվածքի համաձայն՝ վերացվել է ռազմավարական հետաքննության և պլանավորման վարչությունը, որը վարում էր Սաադաթ Յուսիֆովան, ինչպես նաև՝ քաղաքական գործերի վարչությունը, որ ղեկավարում էր Ալի Հասանովը:
Ադրբեջանական, այսպես կոչված, այլախոհ լրագրողներն ու երկրից դուրս բնակվող գործիչները նշում են, որ վերոնշյալ անունները շատ բան կասեն ուշադիր ընթերցողին կամ ունկնդրին Ադրբեջանի քաղաքական իրական դրության վերաբերյալ, եթե նա փոքրիշատե տեղեկացված լինի երկրի ներքաղաքական իրավիճակից և այս մարդկանց ով լինելուց: