Էրզրումի Ազիզիյե շրջանի Գեզքյոյ թաղամասում գտնվող հայկական Սրբ. Մինաս եկեղեցու շրջակայքը համայնքապետարանը աղբավայրի է վերածել:
Չնայած՝ 1790-ին կառուցված և այժմ կիսավեր եկեղեցին 2010-ին գրանցվել է որպես պատմական հուշարձան, ինչը նշանակում է, որ շինությունը պետք է պահպանվեր պետության կողմից, եկեղեցու տարածքը ոչ միայն աղբանոց է դառնում, այլ բուն շինությունն է ենթարկվում գանձագողերի հարձակումներին:
Հավանաբար, հայերի թողած գանձերը գտնելու մոլուցքով տարված անձինք են նրանք, որ հորատումներ են անում եկեղեցու պատերի ու սյուների մոտ և, գուցե, ձախողվելուց հետո են չարացած ջնջում եկեղեցու ներսում եղած որմնանկարները, փչացնում՝ ինչ հնարավոր է:
Թաղամասի բնակիչների խոսքով՝ համայնքապետարանն այստեղ է կուտակում ողջ շրջանից հավաքած շինարարական աղբը: Եվ եթե այսպես շարունակվի, եկեղեցին կարող է աղբակույտի տակ մնալ՝ փոխանցում է թուրքական Evrensel-ը:
Ermenihaber-ն էլ գրում է, թե եկեղեցին իրականում սեփականատեր ունի՝ ոմն Սաբրի Էնգին, որ ներկայում Գերմանիայում է բնակվում: Նա 2016-ին հայտարարել էր, որ համայնքապետարանն իրեն սպառնում է քանդել եկեղեցին, եթե չվերանորոգի այն, բայց համապատասխան դիմումից հետո դեռ որևէ մեկից դրական պատասխան չի ստացել:
Ըստ Ermenihaber-ի՝ համայնքապետարանից էլ հայտարարել են, որ եկեղեցին վերականգնելու համար անհրաժեշտ է Էրգինի թույլտվությունը և, իբր, նա՛ չի թույլտվություն տալիս դրա համար: