Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում հետևյալ համեմատությունն է ներկայացրել. Միացյալ ազգերի կազմակերպության Սննդամթերքի համաշխարհային կազմակերպության (FAO) ամենամսյա զեկույցի համաձայն՝ 2019 թվականի հոկտեմբերին անցած տարվա հոկտեմբերի համեմատ սննդամթերքի համաշխարհային գները աճել են 6 տոկոսով: Իսկ Հայաստանում 2019-ի հոկտեմբերին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքը թանկացել է 0.1 տոկոսով:
Սա հիմնականում, եթե ոչ բացառապես, երկրում տնտեսական մրցակցության խորացման հետեւանք է: Մենք շատ լավ հիշում ենք, թե ինչ էր տեղի ունենում նախկինում. համաշխարհային շուկայում սննդամթերքը թանկանում էր, ասենք, 2 տոկոսով, Հայաստանում թանկանում էր մի 4-5 տոկոսով:
Ի դեպ, այս տարվա սեպտեմբերին, անցած տարվա դեկտեմբերի համեմատ, ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի դիտարկած բոլոր երկրներից միայն Հայաստանում է գնանկում արձանագրվել: Այսինքն՝ այս տարվա սեպտեմբերին 2018 թվականի դեկտեմբերի համեմատ նշված բոլոր երկրներում արձանագրվել է գնաճ, և միայն Հայաստանում գները նվազել են 2.1 տոկոսով: