Աշխարհում վերականգնվող էներգետիկայի առաջատար ընկերություն «Մասդարը» և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» (այսուհետ` ԱՆԻՖ) Հայաստանում 400 մեգավատ (ՄՎտ) ընդհանուր հզորությամբ արևային էներգիայի նախագծեր մշակելու մասին պաշտոնական համաձայնագիր են ստորագրել, ինչն իրենից ենթադրում է 300-ից 320 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումներ Հայաստանում:
Մասդարի գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահին և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրեն Դավիթ Փափազյանն այսօր Աբու Դաբիում կայացած մասնավոր արարողության ժամանակ ստորագրել են համատեղ զարգացման համաձայնագիր (ՀԶՀ)։ Արարողությանը ներկա են եղել ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը, ԱՄԷ էներգետիկայի և արդյունաբերության նախարար Սուհաիլ Ալ Մազրուեին և «Մուբադալա» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Խալդուն Ալ Մուբարաքը։
Հայաստանը մինչև 2025 թվականն իր էլեկտրաէներգիայի 30 տոկոսը վերականգնվող աղբյուրներից ստանալու հանձնառություն ունի, և ներուժ ունի ինտեգրելու մինչև 1000 ՄՎտ արևային էներգիա: Այսօր երկիրն ունի էներգիայի շուրջ 2,800 ՄՎտ դրվածքային հզորություն, որը հավասարաչափ բաշխված է միջուկային, հիդրո և ներմուծվող բնական գազից ստացվող ջերմային էներգիայի արտադրության միջև:
Հայաստանը յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց ստանում է մոտ 1,720 կՎտ ժամ արևային էներգիա՝ համեմատած Եվրոպայում մեկ քառակուսի մետրի համար միջին հաշվով 1000 կՎտ ժամի: Հայաստանի 200-ից ավել գետերից և լճերից շատերը նույնպես հարմար են լողացող արևային էներգիայի նախագծերի համար:
«Մեծ պատիվ է այսօր ստորագրել այս պայմանագիրը` Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի մեր գործընկերների հետ, ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի և Մուբադալայում մեր ղեկավարության ներկայությամբ` վերահաստատելու մեր նվիրվածությունը Հայաստանին և վերականգնվող էներգետիկ նպատակների իրագործմանը», - ասաց Մասդարի գործադիր տնօրեն պարոն Մուհամեդ Ալ Ռամահին:
«Հայաստանն արագ զարգացող տնտեսություն է, որն ունի բաց և բարենպաստ միջավայր՝ երկիր եկող ներդրումների համար», - ավելացրեց Ալ Ռամահին: «Սա կարևոր պատճառ է, թե ինչու մենք կարողացանք այդքան արագ առաջ շարժվել ԱՆԻՖ-ի հետ մեր համատեղ ծրագրում»: