Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքի էջի ուղիղ եթերում պարզաբանում է տվել նվիրատվությունների թեմայով։ Նա կետերով ներկայացրել է, իր բնորոշմամբ, ապատեղեկատվության պարզաբանումները․
Առաջինը քաղաքապետն անդրադարձել է Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապվող նվիրատվությանը։Հարցին, թե արդյոք Սամվել Ալեքսանյանը մեքենաներ է նվիրել, քաղաքապետը պատասխանել է՝ ոչ: Հաջորդ օրը հրապարակել են այդ ընկերությունների եւ անձանց անունները: Ընկերությունների մեջ կար «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն, որի հիմնադիրը Հրաչյա Շարոյանն է, իսկ տնօրենը՝ Հայկ Իսրայելյանը. «Եթե այսօր էլ ինձ հարցնեն՝ Սամվել Ալեքսանյանը Երեւան քաղաքին նվեր է տվել մեքենաներ, ես կասեմ՝ ոչ: Իսկ եթե վաղը Սամվել Ալեքսանյանը Երեւան քաղաքին նվեր տա որեւէ գույք, Երեւան քաղաքը մեծ հաճույքով կընդունի այդ նվերը»:
-Ինչո՞ւ է այս պրոցեսն արվել գաղտնի հարցին՝ պատասխել է, որ եթե անձը կամ ընկերությունը ցանկանում է որեւէ գույք նվիրել քաղաքին, գնում է քաղաքապետարան, դիմում է գրում այդ մասին, պայմանագիր է կնքվում քաղաքապետարանի եւ այդ անձի միջեւ եւ հետո տարվում է «գայի», որտեղ փաստաթղթերը սկանավորվում են եւ պահվում իրենց համակարգում: Մեքենայի վրա դրվում է Երեւանի քաղաքապետարանի պետհամարանիշներ եւ դառնում Երեւանի սեփականությունը: Հաջորդ օրը հրապարակել են նվիրատուների անունները: Իսկ Ալեքսանյանի նվիրած մեքենաների դիմաց Երեւանի քաղաքապետարանի կողմից Մեգա մոլին ավարտական ակտ տալու մասին ասաց, որ այդ ավարտական ակտը տրվել է 20.09.2018թ. եւ ստորագրվել է Կամո Արեյանի կողմից մինչեւ իր քաղաքապետ դառնալը:
Երկրորդ ապատեղեկատվությունը․
Գագիկ Խաչատրյանի հետ կապված Տերյան 5 հասցեում գտնվող շենքի համար տրված է 12 հարկի շինթույլտվություն, քաղաքապետարանը շատացրել է եւ տվել 22 հարկի շինթույլտվություն եւ դրա դիմաց իբր ինչ-որ բան են ուզել: Երկրորդ փաստաթուղթը, որ ցույց է տալիս քաղաքապետը, ստորագրված է 24.11.2017թ. Տարոն Մարգարյանի կողմից, եւ այդ մարդիկ 22 հարկի շենք կառուցելու թույտվություն ստացել են դեռ 2017 թվականին:
Դավթաշենում մի քանի շենք պետք է 14 հարկից լինեին, բայց քանի որ քաղաքապետարանը նվերներ է վերցրել այս կառուցապատողից, դրա դիմաց թույլատրել է կառուցել 18 հարկ:
«Ն եւ Ս կոնստակշն» ՍՊԸ-ն դիմում է գրել, որտեղ գրված է, որ ընկերությունը մտադրված է կառուցել բնակելի թաղամաս՝ 6 բնակելի բազմաֆունկցիոնալ շենքեր, 18 վեգետնյա եւ 3 ստորգետնյա հարկերով: Ուստի նշանակում է, որ այս ընկերությունը ի սկզբանե դիմել է 18 հարկի համար եւ իր դիմումը բավարարվել է: Այս ընկերության մոտ ինչ-որ մի բան չէր համապատասխանում եւ նրանք տուգանվել են: Ինչպես մյուս ընկերությունների դեպքում, այսինքն՝ ոչ մի առավելություն:
Բազմաթիվ ընկերություններ, որոնք ոչ մի նվիրատվություն չեն արել, ստացել են շինթույլտվություն, այսինքն՝ ոչ մի փոխկապակցվածություն չկա: Իսկ նվիրատվությունները կատարվում են բացառապես կամավորության սկզբունքով:
Երրորդ ապատեղեկատվությունը․
Օհանովի փողոց 15/1 հասցեի մասին է, որտեղ սեփականության իրավունքով քաղաքացի Շողեր Ստեփանի Մկրտչյանի հողամասում գտնվող ինքնակամ կառույց կա, որի համար դիմել են, որպեսզի օրինականացնեն: Երեւանում կան հազարավոր ինքնակամ շինություններ, որոնք կատարվել են իրենց սեփական հողում առանց շինթույլտվության: Եվ գոյություն ունի կառավարության 2006թ. 912-Ն որոշումը, որը ասում է, որ եթե քաղաքացին ինքնակամ շինություն ունի իր հողամասի վրա եւ գալիս են դիմում են քաղաքապետարան, որպեսզի օրինականացնի, ապա օրենքի ուժով քաղաքապետարանը պարտավոր է այն օրինականացնել կամ քանդել, եթե ինչ-որ նորմերի խախտում կա: Այստեղ ճարտարապետական վարչությունը տվել է եզրակացություն, որ նորմերի խախտում չկա եւ այս որոշումով այդ հողամասի վրայի շինությունները օրինականացվել են: Այդ որոշումը ստորագրել է Հրաչյա Սարգսյանը, չնայած ասում էին, որ արձակուրդում գտնվող քաղաքապետն է ստորագրել:
<Այժմ դիմում եմ ձեզ, սիրելի քաղաքացիներ։ Ես այստեղ եմ մեկ պատճառով: Ես ուզում եմ, որ մեր քաղաքը զարգանա, որ մեր քաղաքը առաջ գնա: Ես չեմ խնայում դրա համար ոչ առողջություն, ոչ նյարդեր, ոչ ուժ, ինձ մինչեւ վերջ նվիրել եմ այս աշխատանքին: Իմ միակ հենարանը էս ամեն ինչում դուք եք: 100 անգամ հետ տային ժամանակը, ես 100 անգամն էլ էս բոլոր նվերները կվերցնեի Երեւան քաղաքի համար, որովհետեւ էս նվերները մաքուր են պահում մեր փողոցները: Ես բացարձակ քաղաքական ոչ մի ամբիցիա չունեմ, իմ այստեղ գտնվելու միակ իմաստը այս գործը անելն է, սրանից դուրս ինձ ոչ մի բան պետք չէ: Շատ ուրախ եմ, որ ունեմ ձեզ նման համաքաղաքացիներ, որ ապրում եմ նույն քաղաքում եւ անցնում ենք այս դժվար ժամանակը իրար հետ>,- ասել է քաղաքապետը