ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը համագործակցության հուշագիր են ստորագրել:
Գեղամ Գևորգյանը նշել է, որ հանձնաժողովն ակտիվացրել է համագործակցությունը բուհերի հետ՝ առաջնորդվելով մրցակցության պաշտպանության ոլորտում զարգացման միտումներին համընթաց քայլելու, գիտականորեն հիմնավորված որոշումների կայացման, ինչպես նաև բուհից աշխատաշուկա անցումն ավելի սահուն դարձնելու անհրաժեշտությամբ:
«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համագործակցության դրական փորձ արդեն ունենք: Այս տարի մեր առաջին ուսումնասիրության շրջանակում, որը կատարեցինք կարագի շուկայում, համագործակցել ենք համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ՝ օգտվելով նրանց վերլուծությունից: Տնտեսագիտական համալսարանը մեր երկրում այն հիմնական դարբնոցն է, որը տնտեսագետներ է պատրաստում, և մեզ համար՝ որպես գործատուի, կարևոր է այդ համագործակցության ամրապնդումը բոլոր ուղղություններով: Այսօր աշխատաշուկան ձևափոխվել է, պահանջարկը շատ արագ է փոխվում, և պետք է համատեղ աշխատենք այդ ազդակները տեղ հասցնելու և մրցունակ, պրակտիկ հմտություններ ունեցող մասնագետներ պատրաստելու համար»,- նշել է հանձնաժողովի նախագահը:
Իր հերթին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, շնորհակալություն է հայտնել նման նախաձեռնության համար՝ կարևորելով բուհի և պետական մարմինների միջև սերտ և գործուն համագործակցության հաստատումն ու զարգացումը:
«Այսօր մեր համալսարանը գտնվում է բարեփոխումների փուլում, մենք վերանայում ենք և՛ ուսումնական պլանները, և՛ կրթական ծրագրերը՝ արդիականացնելով դրանք, և առավելապես դրանցում ավելացնելով գործնական տարրը, քանի որ ավանդույթի համաձայն՝ ավելի շատ տեսական մասն է գերակշռել: Այժմ ցանկանում ենք դա կոտրել, և առաջնահերթ ներգրավում ենք մասնավոր և պետական հատվածից գործնական ոլորտի մասնագետների»,- իր խոսքում մասնավորապես նշել է Դիանա Գալոյանը՝ հավելելով, որ պետական կառույցների հետ նման հուշագրերի կնքմամբ ուսանողների համար փորձառություն ձեռք բերելու, հետագայում նաև որոշակիորեն զբաղվածության խնդիրները լուծելու հնարավորություններ են ստեղծվում:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև հանձնաժողովի լավագույն մասնագետներին դասախոսական աշխատանքներում ներգրավելու, համատեղ հետազոտական աշխատանքներ իրականացնելու, հանձնաժողովի կողմից համալսարանին ավարտական աշխատանքների և ատենախոսությունների թեմաների պատվիրակման և համագործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանը վերաբերող այլ հարցերի շուրջ:
Կնքված հուշագրի շրջանակում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը կհամագործակցեն հանձնաժողովում ուսանողների փորձառությունների կազմակերպման, իրականացվող ուսումնասիրություններում հետազոտողների և ուսանողների ներգրավման, վերապատրաստումների, կլոր սեղանների, սեմինարների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ միջոցառումների կազմակերպման միջոցով: